08/10/2014 17:28
Փաստաբան. Աշոտ Սուքիասյանն ու Փայլակ Հայրապետյանը երկու անգամ առերեսվել են
Oֆշորի գործով կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի և տուժող Փայլակ Հայրապետյանի միջև նախկինում երկու անգամ առերեսում եղել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե որտեղից են մամուլում հայտնվել այն լուրերը, որ այսօր նշանակված է եղել առերեսում:
«Այսօր նման քննչական գործողություն նշանակված չի եղել: Անցած շաբաթ 2 անգամ առերեսում եղել է, և Աշոտ Սուքիասյանը պնդել է նախկինում տված իր ցուցմունքները: Չգիտեմ, ինչու՞ է Փայլակ Հայրապետյանը լռում այդ մասին և ասում, որ չի ցանկանում առերեսվել»,-ասաց նա:
Փաստաբանը ասաց, որ ինքը վերջերս միջնորդություն է ներկայացրել՝ քրեական գործին մի շարք փաստաթղթեր կցելու վերաբերյալ, իսկ այս գործով նշանակված փորձաքննությունների պատասխանը դեռևս չի ստացվել:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանքի է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Աշոտ Սուքիասյանը հիմա էլ պնդում է, որ իր մեղադրանքը անհիմն է