Հանրահավաքային սպասելիքները չարդարացան
11/10/2014 16:52

Հանրահավաքային սպասելիքները չարդարացան

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին երկար էինք սպասել, սակայն դրա սպասելիքները չարդարացան: Եվ դրա հիմնական պատճառը թերևս ոչ միայն այն էր, որ իշխանափոխության պահանջ այդպես էլ չներկայացվեց, այլև այն, որ հստակ երևաց` քաղաքական ուժերը փորձում են սրբագրել իրենք իրենց, հնչեցնում են օրակարգային խնդիրներ, բայց ոչ դրանց լուծումները:

«Եկել էին ասելու, որ իրենց վրա հույս չդնենք». ահա այսպիսի տպավորությամբ հեռացան շատերը Ազատության հրապարակից, քանի որ հավաքվածների գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ միակ բանը, որ պետք է ասվեր` իշխանափոխության պահանջն էր ու դրան հասնելու հստակ ուղիները, որից այդքան խուսափում են ուժերը:

Ուրվագծվեց ևս մեկ բան. Եռյակը իսկապես միասնական չէ և սա լոկ խոսքեր չեն, որ դաշտ էր նետում իշխանությունը: Նախքան առաջնորդների ելույթներին հասնելը, այնպիսի տպավորություն էր, որ «Ժառանգությունը» չգիտեր, տեղյակ չէր, թե ինչի համար են հավաքվել մեկ հարթակում: Կուսակցության առաջին դեմքերը` փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հստակ արտաբերեցին «իշխանափոխություն» եզրույթը` շոշափելով հավաքվածների տրամադրությունները:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ում, ի դեպ, չէին սպասել և հանրահավաքը սկսել էին առանց նրա ներկայության, ընդհատեց սեփական ելույթը մարդկանց «հիմա-հիմա» վանկարկումների ճնշման ներքո: Ր.Հովհաննիսյանը բացատրեց, թե գնում է գործընկեր-առաջնորդների հետ խորհրդակցելու` հետագա անելիքները հստակեցնելու համար. մի պահ Ազատության հրապարակում բռունցքները վեր բարձրացան, այն նմանվեց մարտադաշտի… Բայց հակառակ կողմից որևէ արձագանք այդպես էլ չեղավ, Րաֆֆին ինքնագլուխ էր ու միայնակ իր այդ պոռթկման մեջ: Ժողովրդին ասելիք չունեցող նախագահի նախկին թեկնածուին Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը օգնության ձեռք չմեկնեցին:

Ավելին` հաջորդ վայրկյանին իսկ ԲՀԿ առաջնորդը խոստացավ ժողովրդին, որ իր ասելիքը կասի մյուս հանրահավաքում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն, բայց, ըստ էության, ոչինչ չասող ելույթ ունեցավ:

«Հիմա-հիմա» պահանջը մնաց օդից կախ, Ազատության հրապարակը սկսեց դատարկվել. ի սկզբանե եռյակը սխալ մարտավարություն էր ընտրել: Պատգամավորները համոզում էին բոլորիս, որ իրենց մարզային հանրահավաքները մի նպատակ են հետապնդում` շոշափել մարդկանց տրամադրությունն ու հասկանալ՝ ի՞նչ է հասարակությունն ուզում, որպեսզի դա դառնա իրենց հանրահավաքի օրակարգը և որպես պահանջ՝ նետվի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: Իրականում, սակայն, որևէ պահանջ չարտաբերվեց, ժողովուրդը կրկին հուսախաբ եղավ, քանի որ հստակ երևաց, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը և ինչ-որ տեղ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը չեն շտապում իրավիճակ փոխել, այլ մեկ հեռահար նպատակ ունեն` 2017-18 թթ-ի համապետական ընտրություններ:

Եվ այժմ ժողովուրդը ինքն իր համար պետք է որոշի` մասնակցելո՞ւ է այդ ֆարսին, գնալո՞ւ է սոցիալական խնդիրների բեռի տակ ճկռած այս ուժերի հետևից և կամ` ինչի՞ համար:
 

Հանրահավաքային սպասելիքները չարդարացան