«Իսլամական պետությունն»՝ ընդդեմ Twitter-ի
11/10/2014 16:35

«Իսլամական պետությունն»՝ ընդդեմ Twitter-ի

«Իսլամական պետությունը» (ԻՊ) հիմա էլ պատերազմ է հայտարարել Twitter-ի դեմ: Պատճառն այն է, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել արգելափակել ծայրահեղական կառույցի հետ կապ ունեցող և նրա քարոզչությունն իրականացող օգտատերերի հաշիվները, ինչից հետո ԻՊ-ի հետ կապ ունեցող մի շարք օգտատերեր հենց ցանցում կոչ են արել սպանել  Twitter-ի աշխատակիցներին և ղեկավարության ներկայացուցիչներին:

Ինչպես հենց Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստելոն է նշել, բավականաչափ դժվար է պահպանել հավասարակշռությունը համացանցի օգտատերերի համար ազատ և բաց, իշխանությունների միջամտությունից զերծ հարթություն ստեղծելու ցանկության և այնպիսի ջանքերի միջև, որպեսզի նման զանգվածային հարթությունները չդառնան գործիք ԻՊ-ի բնույթի կազմակերպությունների համար:

Պետք է նշել, որ լավ ծրագրված և գրագետ կերպով իրականացվող համացանցային գործունեությունն իսլամականներին բնորոշ գործելաոճի և նրանց արձանագրած հաջողությունների կարևորագույն բաղադրչներից մեկն է՝ հատկապես որպես կառույցի շարքերի համալրումների ապահովման եղանակներից մեկն: Այդ իսկ պատճառով, ԻՊ-ի քարոզչամեքենայի գործունեության արգելափակումը վիրտուալ աշխարհում ևս առանցքային նշանակություն ունի կառույցի դեմ հայտարարված լայնամասշտաբ պատերազմի շրջանակներում, քանի որ ԻՊ-ին շոշափելի վնաս հասցնելու գործում չափազանց կարևոր է համապարփակ պայքարի իրականացումն. այսինքն էական են ոչ միայն ռազմական գործողությունները, տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումն, այլև՝ կառույցի համալրման, նրա գործունեության քարոզչությունն իրականացնող ցանցային կառույցների, նաև վիրտուալ դաշտում գործող բջիջների արգելափակման գործընթացը, քանի որ հենց վերջին եղանակով են իրականացվում ԻՊ-ի մասնագետների կողմից պատրաստվող նպատակային ուղղվածություն և թիրախային իսլամական հասարակական շերտերին ուղղված տեսանյութերի տարածումը, հաճախ նաև՝ պոտենցյալ զինյալների հավաքագրման գործընթացը:

Եվ այս համատեքստում, որքան օրինաչափ է կառույցի դեմ իրականացվող գործողությունները նաև վիրտուալ հարթությունում, նույնքան էլ սպասելի է իսլամականների կողմից պատասխան հակաքայլերի հնարավորությունը:

Իսկ նման պատասխանների հավանական եղանակներից մեկը հռչակվում է, ոչ ավել, ոչ պակաս հենց սոցիալական ցանցի ղեկավարությանն ուղարկցած հաղորդագրություններից մեկում՝ Twitter-ի ղեկավարությունը պետք է իմանա, որ եթե այն չկանգնեցնի վիրտուալ աշխարհում մեր դեմ իրականացվող արշավը, մենք նրանց դեմ կսկսենք իսկական պատերազմ իրական աշխարհում: 

«Իսլամական պետությունն»՝ ընդդեմ Twitter-ի