11/10/2014 15:39
«Հին Էրիվանի» գործ. Դատավորը կոչ արեց չչարաշահել իր համբերությունը
«Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սնանկության գործով նիստը տեղի ունեցավ ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո և ավարտվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ: Այս մասին Aysor.am-ին հայտնում են ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:
«Հին Էրիվան» ընկերության ներկայացուցիչներ Դ.Դանիելյանին ու Ն.Հակոբյանին ուղղված դատարանի հարցին՝ «ավարտե՞լ եք հարցեր տալ «Յունիբանկին»» վերջինիս ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը տեղից պատասխանեց. «Բանկը չի ավարտել»:
Եվ «հարցաքննությունը» տևեց երկուսուկես ժամ: Հարցերի ճնշող մեծամասնությանը Դ.Դանիելյանը չէր պատասխանում, քանի որ, ըստ «Հին Էրիվանի» ներկայացուցչի, դրանք որևէ առնչություն չունեն ներկա դատավարության հետ: Շատ էին նաև կրկնվող, անգամ բազմիցս կրկնվող հարցերը:
Մասնավորապես, «մերժված» հարցերի շարքում էր «Յունիբանկի» ներկայացուցչի հարցն այն մասին, թե ինչու «Հին Էրիվանը» չի բողոքարկել ընկերության սնանկության որոշումը Վերաքննիչ դատարան:
«Յունիբանկին» հետաքրքրում էր նաև, թե ինչու ընկերությունը չի բողոքարկել ավելի քան մեկ մլն դրամի տույժի որոշումը: Այս հարցին ևս հետևեց Դ.Դանիելյանի պատասխանը. «Դա ի՞նչ առնչություն ունի մեր դատավարության հետ: Չեմ պատրաստվում պատասխանել»:
Հարցեր հնչեցին, որոնք վերաբերվում էին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» «հակամարտությունից» երկու տարի առաջ տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձություններին: Դրանց դեմ ընկերության ներկայացուցիչն առարկեց, իսկ նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանն էլ կոչ արեց չչարաշահել դատարանի համբերությունը և կոնկրետացնել հարցերը՝ դատարանն իր հերթին «հանեց» մի շարք վերացական հարցեր:
Հնչեցին նաև կրկնվող հարցեր՝ անմիջականորեն կապված բուն բանկի գործունեության հետ, Դ.Դանիելյանը նորից ու նորից հիշեցնում էր. «Մեր առարկություններում մենք արդեն պատասխանել ենք այդ հարցերին, և եթե դուք չեք հասկացել, մեր խնդիրը չէ»:
Հայկ Հարությունյանի հարցին, թե ինչու «Հին Էրիվանը» չի փորձել վճարել գոնե ինչ-որ գումարներ, ընկերության ներկայացուցիչը նկատեց. «Ի՞նչ վճարումների մասին կարող է խոսք լինել բանկի կողմից տույժերի ենթարկվելու, բանկի կողմից առանց նախազգուշացման ընկերության հաշիվներից հսկայական գումարներ հանելու մասին լուրերը ստանալուց հետո»:
Տույժերի հաշվարկման վերաբերյալ ընկերության ներկայացուցիչը նորից դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք անբացատրելի, անհասկանալի ծագում ունեցող թվերի, հսկայական տոկոսների վրա, որոնց ընկերության ներկայացուցիչն անձամբ մեծ կասկածանքով է վերաբերվում:
«Յունիբանկի» ներկայացուցիչը անցում կատարեց նաև մամուլին, մասնավորապես, Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցին ու հայտարարություններին, որոնք շրջանառվել են մամուլում, սակայն նախագահող դատավորը հիշեցրեց, որ Դավիթ Դանիելյանը «Հին Էրիվանի» ներկայացուցիչն է և որ Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցի թեման սնանկության վերաբերյալ այս դատավարությանն ամենից քիչն է առնչվում:
Նախորդող հրապարակում՝ «Հին Էրիվան» գործ. Ինքնաբացարկի միջնորդություն` դատավոր Ալեքսեյ Սուքոյանին