Սերժ Սարգսյան. Ցանկանում եմ, որ Դիլիջանի դպրոցում սովորեն նաև ադրբեջանցիներ
11/10/2014 15:13

Սերժ Սարգսյան. Ցանկանում եմ, որ Դիլիջանի դպրոցում սովորեն նաև ադրբեջանցիներ

«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների շահագործմամբ: Ընդերքի շահագործումը անվերջ լինել չի կարող: Մեր ընտրած ճանապարհը այլ է` մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը»,- այսօր Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանը աշխարհին ներկայանում է ոչ թե նավթով և խավիարով, այլ`  մատենադարանով, «Թումո» կենտրոնով, Դիլիջանի միջազգային դպրոցով:

Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական տաղանդի բացահայտման համար պետք է ամենալայն համաշխարհային համատեքստ ապահովել և հավելեց, որ Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի առջև ու չպարփակվի իր սահմաններով:

Երկրի ղեկավարը նշեց նաև, որ ինքը բան է ասելու, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ կամ նույնիսկ անիրականանալի.

«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ և վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը հնարավորինս շուտ գա»,- ասաց Ս. Սարգսյանը:

Իր հերթին արարողությանը ներկա Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը բոլոր ներկաներին շնորհավորեց դպրոցի բացման կապակցությամբ, և կարևորելով կրթության դերը այսօրվա աշխարհում, բոլոր աշակերտներին ուսման մեջ հաջողություններ մաղթեց:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ինքը այսօր շատ հուզված է: Նրա խոսքով` բացման արարողությանը իրենք հորդորել են աշակերտներին իրենց հետ գրքեր բերել` որպես բացման արարողության լավագույն խորհրդանիշ:

Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր հավատացել էին այս գործի հաջողությանը, ինչպես նաև բոլոր բարերարներին և հովանավորներին: 

Սերժ Սարգսյան. Ցանկանում եմ, որ Դիլիջանի դպրոցում սովորեն նաև ադրբեջանցիներ