.jpg)
Հոկտեմբերի 10-ը Հայաստանի պատմության մեջ մնալու է մի խայտառակ էջ. Սաֆարյան
«Երեկ փաստացի Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը պատանդ թողնվեց մի կասկածելի կառույցում, որտեղ Հայաստանի օգուտները շատ մշուշոտ են երևում, իսկ վտանգները` չափազանց տեսանելի»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, ասաց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Կովկասում ազդեցություն ունենալու համար Ռուսատանի խաղը Ադրբեջանի հետ դեռ շարունակվում է, իսկ սեղանին շատ հստակ դրված է ԼՂՀ հարցը: Սաֆարյանի համոզմամբ՝ Արցախը շարունակում է մնալ այդ խաղի բանալին:
«Մուտք գործելով այս միություն՝ Հայաստանը ստիպված է լինելու ականատեսը լինել, թե ինչպես է Ռուսաստանը Ադրբեջանին հրավիրում այդ միություն, որտեղ վճարամիջոցը լինելու է Հայաստանի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ Ղարաբաղը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության միակ պահանջը հենց դա է լինելու:
Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի՝ ՄՄ անդամագրվելու պայմանագրերից մեկն էլ հենց սա է եղել, որի մասին բարձրաձայնել են անգամ Ադրբեջանին սատարող ԵՏՄ անդամ երկրները: «Ադրբեջանը շատ հստակ իր ուղերձով մեկնաբանեց, որ առայժմ Ղարաբաղը պոկվում է Հայաստանից: Այսինքն՝ Ադրբեջանը դա համարում է Ռուսաստանի կողմից արված մի ժեստ, հնարք, որով փորձում է հասկացնել, որ հաջորդ քայլերում հնարավոր է քննարկել նաև ինչ-որ բան ավելին ստանալու հարցը»,- բացատրեց փորձագետը:
Վերջինիս համոզմամբ, հոկտեմբերի 10-ը իր ողբերգական բնույթով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքականության պատմության և Հայաստանի պետականության մեջ մնալու է մի խայտառակ էջ: «Բոլոր նախագահները շատ հանգիստ հանձնում են հայ ժողովրդի նվաճումը, որը Հայաստանի համար շատ թանկ ու անգին է եղել, աչք անգամ չթարթել տեղի ունեցողի վրա, որ նախագահը ժպիտով ստորագրում է այդ պայմանագիրը, իսկ նախկին նախագահները լռության են մատնում այն, ավելին՝ այդ օրը Երևանում հանրահավաք են կազմակերպում ու հայտարարում, որ անտեսում են այդ խնդիրը՝ դա ուղղակի ամոթ է Հայաստանի պետականության համար»,- հավելեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանում քաղաքական դաս գոյություն չունի: Դա ցույց է տալիս, որ Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ նույն քաղաքական էլիտայի պատճառով, որն անադեկվատ է ոչ միայն ժամանակի զարգացումների նկատմամբ, այլ կարող է իր անգործությամբ ու անտարբերությամբ օգնել այդ զարգացումներին:
«Եթե իշխանությունները գոնե ձև են տալիս կամ ցույց են տալիս, որ ստիպված են գնում այդ քայլին, ապա ընդդիմությունը հասկացնում է, որ դա լավ որոշում է, սակայն լավ չէ, որ այն Սերժ Սագսյանն է իրականացնում: Ընդդիմությունը չափազանց տրվել է արտաքին մարտահրավերներին: Օգոստոսյան դեպքերը բավական են դա հասկանալու համար: Երբ քաղաքական զինանոցն ունակ չէ լուծել այդ խնդիրը, բնականաբար նման դրսևորումներ են տեղի ունենում: Երկիրը նույնքան անգլուխ է, որքան հասարակությունն՝ անառաջնորդ»,- ասաց Սաֆարյանը: