13/10/2014 10:50
Երևանում 24-ամյա երիտասարդին սպանողը կալանավորված է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի էր ունեցել սպանություն:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր Լևոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը (ուղևոր) կրակել է իր հետ նույն տաքսի ավտոմեքենայի սրահում գտնվող Լևոն Բունիաթյանի գլխի շրջանի ձախ քունքային մասին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից:
Այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով Լ.Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք և թողել գնացքի գծերի մոտ, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին և նստելով նույն տաքսի ավտոմեքենան` հեռացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` առերևույթ հանցագործություն կատարած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 1986 թ. ծնված Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 1991 թ. ծնված Տարոն Գալուստովը դեռևս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջևում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետև տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել է դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան սյան մոտ և հանելով դիակը մեքենայից` գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել:
Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում` հոկտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն և հանձնվել ՀՀ քննչական կոմիտե:
Տարոն Գալուստովը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: