.jpg)
Դստեր հանդեպ անառակաբարո գործողություն կատարած հայրը անմեղսունակ է ճանաչվել
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հրապարակել է իր անչահաս դստեր նկատմամբ մահճակալին պառկացնելու և սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Գուրգեն Հովհաննիսյանի (անունը փոխված է) գործով դատավճիռը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ Գուրգեն Հովհաննիսյանը 2013 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում գտնվող բնակարանում իր ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկացրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Բացի այդ, 2013 թ. օգոստոսի 22-ին, ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում գտնվող բնակարանում իր կնոջ հետ անհիմն վիճաբանության արդյունքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ դանակը պահել է վերջինիս որովայնին և սպառնացել է սպանել նրան:
Գուրգեն Հովհաննիսյանին 2014 թվականի փետրվարի 19-ին տրվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային թիվ 53/14 փորձաքննության եզրակացությունը: Փորձագիտական հանձնաժողովը հանգել է հետևության, որ Բորիս Հ.-ին հարկ է կատարածի նկատմամբ ճանաչել սահմանափակ մեղսունակ, և որ նա տառապում է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն /չափավոր արտահայտված դեբիլություն/ վարքային խանգարումներով» ախտորոշմամբ` սակավամտությամբ:
Համաձայն` 2014 թվականի օգոստոսի 07-ին կատարված կրկնակի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 82 եզրակացության` Գուրգեն Հովհաննիսյանը տառապել և տառապում է ՙՎաղ օրգանական ախտահարումով պայմանավորված մտավոր թերզարգացմամբ, անձի և վարքի խանգարումներով /մանկական ցերեբրալ պարալիչ/:
Ցնցումային նոպաներ, ըստ անամեզի: Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները: Իրավախախտումները կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից:
Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի Գուրգեն Հովհաննիսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հսկողության, խնամքի և հարկադիր բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Դատարանի դատավճռով Գուրգեն Հովհաննիսյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում: