.jpg)
Թաթուլ Մանասերյան. Ես երբեք կաշկանդված չեմ եղել
Մատենադարանում այսօր տեղի է ունեցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսը:
Գիրքը նվիրված է տնտեսագետի հոր` անվանի գիտնական, ազգային, պետական գործիչ Նորայր Մանասերյանի հիշատակին:
Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաև՝ պատգամավորներ ու տնտեսագետներ:
Գ. Սահակյանը իր խոսքում ասաց, որ Թ. Մանասերյանին ճանաչում է որպես շիտակ անձնավորություն, ով կատարում է անկողմնակալ վերլուծություններ, երբեք չի փոխում իր կարծիքը, և այն չի պարտադրում ուրիշներին, և ունի իսկական գիտնականին հատուկ հատկանիշներ:
«Հասարակությունը, կարծում եմ, գնահատում է Թ.Մանասերյանի մասնակցությունը թե գիտական, թե հասարակական կյանքում»,- ասաց Գ. Սահակյանը՝ նշելով, որ գրքին դեռևս ծանոթ չէ և կարծիք կարող է հայտնել միայն այն կարդալուց հետո:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր խոսքում ասաց, որ իր համար սա հուզիչ պահ է, քանի որ ուսանել է Թ. Մանասերյանի հոր մոտ, և կարծում է, որ այս գիրքը պետք է արժանի լինի իր հոր անունին և հեղինակությունը ու կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Նրա խոսքով՝ Հայաստանը թևակոխում է տնտեսական զարգացման նոր փուլ և շատ բան կախված է նրանից, թե որքանով գրագետ կկարողանանք գործել:
«Այսօր շատ բան կախված է գիտական հանրությունից` երկրի տնտեսական քաղաքականությունը մշակելու առումով: Թ. Մանասերյանի նախորդ աշխատությունները իրենց արժանի տեղն են գրավել տնտեսագիտական գրադարանում և վստահ եմ, որ այս գրքում նույնպես մասնագետները կգտնեն բազմաթիվ հարցերի պատասխանները»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Թ. Մանասերյանը, ներկայացնելով իր գիրքը, ասաց, որ այն գրեթե 2 տասնամյակի գիտական ուսումնասիրությունների արդյունք է, իսկ ինքն իրեն բախտավոր է համարում, քանի որ միշտ աշխատել է զբաղվել նրանով, ինչին, որ հավատում է, երբեք կաշկանդված չի եղել և դա արտացոլվել է այս մենագրության մեջ, թեև միշտ պատրաստ է բանավիճել և սովորել յուրաքանչյուրից:
Անդրադառնալով իր գրքին՝ տնտեսագետը ասաց, որ գրքում վերլուծության առարկա են երկրի տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարության հիմնահարցերը՝ ներառյալ համարժեք ռազմավարության մշակման և կիրարկման գործում ազգային շահերը ու պետության դերը:
Կարևորվում են մարդու կենսագործունեությանն առնչվող սպառնալիքները, որոնք թվում են սպառողական զամբյուղի, աղքատության, սոցիալական ոլորտի, ժողովրդագրական ռիսկերի, անպտղության, բնակչության «ծերացման» և «ուղեղների արտահոսքի» հարցերը, ինչպես նաև ներկայացվում են տնտեսական անվտանգության ապահովման իրավական հիմքերը: