.jpg)
Հայաստանի սննդի շուկան կմասնակցի «ArmProd EXPO» ցուցահանդեսին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հոկտեմբերի 17-19 «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անց են կացնում «ArmProd EXPO 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են LOGOS EXPO Center-ի մամուլի ծառայությունից:
Սննդարդյունաբերության ոլորտի առաջատար հայրենական կազմակերպությունները և սննդի խոշորագույն հայկական ընկերություններն ընտրում են այս ցուցահանդեսը` ներկայացնելու համար իրենց արտադրանքը և ինովացիոն մշակումները, քանի որ «ArmProd EXPO» ցուցահանդեսը նպաստում է բարձրորակ սննդամթերքի իրացմանը, կոմերցիոն արդյունավետությանը և ժամանակակից փոփոխվող շուկային համապատասխանող նոր մոտեցումներ ու գործնական լուծումների հայտնաբերմանը:
Ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին ցուցահանդեսին մասնակցում են նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքը արդեն որոշակի տեղ է գրավում երկրի ներքին շուկայում, և «ArmProd EXPO» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում հանգամանորեն ցուցադրել սննդամթերքի ողջ տեսականին, առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում և ողջ տարածաշրջանում գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին և ստանալ գործնական տեղեկատվություններ ու կանխատեսումներ շուկայի զարգացման մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ:
«ArmProd EXPO» ցուցահանդեսը ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի սննդի շուկան և հատվածավորվում է թեմատիկ բաժինների` համախմբելով սննդամթերքի արտադրության և վերամշակման գրեթե բոլոր ոլորտները խոշորագույն սննդի ցուցահանդեսում, և արտացոլում ներքին և արտաքին ագրոբիզնեսի զարգացման հիմնական միտումները:
Հոկտեմբերի 18-ին «ArmProd EXPO 2014» ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական վերամշակման հարցերին: