.jpg)
Արշավ՝ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի երեխաների համար
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ձևավորվել է այս տարվա հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին` հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակից հետո: Նախաձեռնությունում հավաքվել են մտահոգ մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-որ օգտակար բան անել մեր պետության սահմանին մոտ բնակվող մարդկանց հոգսերը մի քիչ թեթևացնելու և նրանց առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Օրերս նախաձեռնությունը արշավ էր կազմակերպել սահմանամերձ երկու գյուղերի երեխաների համար: Ներկայացնում ենք միջոցառման վերաբերյալ նախաձեռնության տարածած հայտարարությունը.
«Նախ մենք՝ խմբի անդամներս, այցելել էինք Տավուշի մարզի մի քանի գյուղեր` տեղում առավել հրատապ խնդիրները արձանագրելու համար: Այդ խնդիրների մասին մեկ ամիս առաջ նամակներ ենք գրել ՀՀ վարչապետին և համապատասխան նախարարներին: Պատասխանին դեռ սպասում ենք:

Այնուհետև նախաձեռնության անդամներով որոշեցինք գեղեցիկ և հագեցած մեկ օր նվիրել սահմանամերձ գյուղերի երեխաներին: Քանի որ վերջիններս տարբեր պատճառներով անգամ իրենց մարզի տեսարժան և պատմամշակութային վայրերում երբևէ չէին եղել, քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել ճանաչողական էքսկուրսիա Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի աշակերտների համար:
Եվ ահա, հոկտեմբերի 12-ին մենք՝ նախաձեռնության մի քանի անդամներս և Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցից 22 աշակերտներ ուղևորվեցինք Տավուշի մարզ, որտեղ մեզ միացան Այգեպարից ու Ներքին Կարմիրաղբյուրից 40 աշակերտ, ու բոլորով միասին գնացինք նախ` Հաղարծին, հետո` Գոշավանք: Մինչև նշված վայրեր այցելելը, երեխաները Տավուշի չքնաղ բնության գրկում նախաճաշեցին, հետո ծանոթացան միմյանց հետ, սովորեցին հայկական ավանդական մի քանի պար, ինչը էլ ավելի համախմբեց ու մտերմացրեց երեխաներին:


Արդեն Հաղարծինում ու Գոշավանքում աշակերտները ծանոթացան վանքերի պատմությանը, ստացան օրհնությունը, միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության համար, հետո հաղթական երգեր երգեցին, ազգային պարեր պարեցին, ազգային խաղեր խաղացին, շփվեցին իրար հետ:


Էքսկուրսիայի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մտահոգ քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին նախաձեռնության կողից իրականացվող դրամահավաք-ակցիային, ինչի շնորհիվ հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ գումար` երեխաների սննդի ու ճանապարհածախսի համար: Շնորհակալություն նաև «Պարենք հայերեն» նախաձեռնությանը՝ օրը ազգային երգով ու պարով լի դարձնելու համար, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին՝ երեխաների նվերների, ֆինանսական ներդրումների և ակցիային միանալու պատրաստակամության համար, «Կարաս» ազգային սննդի ցանցին՝ երեխաներին սնունդ տրամադրելու համար, «Ոսկե հատիկ» ընկերությանը՝ թխվածքաբլիթներ տրամադրելու համար և այլ աջակցություն ցուցաբերողներին:
Մենք` «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներս, սա համարում ենք մեր միասնականությունը ևս մեկ անգամ հաստատող կարևոր քայլ ու վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք»: