«Ներքին քաղաքական օրակարգը կապված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ»
15/10/2014 12:10

«Ներքին քաղաքական օրակարգը կապված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ»

ՀՀ-ում ներքին քաղաքական օրակարգն իմաստազրկվում է, եթե ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ այն չեն կապում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությանն ու ներքաղաքական գործընթացներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներքին քաղաքական օրակարգ չի կարող ձևավորվել՝ հաշվի չառնելով արտաքինը, այս դեպքում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:

«Հայաստանում շատ խնդիրների լուծումներ կախված են լինելու ԵՏՄ-ում ՀՀ-ի վերաբերյալ կայացված որոշումներից»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական եռյակի հանրահավաքներին՝ նա ասաց, որ հետագան ցույց կտա՝ դրանք ի՞նչ արձագանք կգտնեն հասարակության մեջ, քանի որ հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում կային նաև մարդիկ, ովքեր հետաքրքրության համար էին գնացել հրապարակ:

«Եթե տեսնեն, որ հրապարակը արհեստական ձևով է լցվում, ապա դա կիմաստազրկվի»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով ղարաբաղյան խնդրի հետ կապված լուրջ սպառնալիքների հնարավոր առաջացմանը՝ Բ. Նավասարդյանը ասաց, որ դրանք չի կարելի բացառել և վտանգավոր է այն, որ և իշխանությունը, և ոչ իշխանական ուժերը փակում են աչքերը այս հարցում, թեպետ սա պետք էր դարձնել ներքին քաղաքական օրակարգի հարց:

«Ներքին քաղաքական օրակարգը կապված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ»