ԵՏՄ-ի երկրները կունենան միասնական ֆինանսական կարգավորիչ
15/10/2014 17:35

ԵՏՄ-ի երկրները կունենան միասնական ֆինանսական կարգավորիչ

Եվրասիական տնտեսական միության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի միջև կարող է ձևավորվել միասնական ֆինանսական կարգավորիչ:

Rg.ru-ի փոխանցմամբ, այդպիսի առաջարկությամբ Ռուսաստանի ԿԲ-ին է դիմել Տարածաշրջանային բանկերի ասոցիացիան:

Մի երկրում լիցենզիա ունեցող բանկերը կկարողանան տարբեր տեսակի գործունեություն ծավալել մյուս երկրի տարածքում՝ առանց լրացուցիչ թույլտվություններ ստանալու:

Տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի նախագահ Անատոլի Ակսակովը նշել է, որ եթե իրենք ձևավորում են միասնական տնտեսական տարածք, ապա լիցենզիաները, աշխատանքի պայմանները և վերահսկողությունը պետք է լինեն միասնական:

Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար և վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը:

Նախագահը հույս էր հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը:
 

ԵՏՄ-ի երկրները կունենան միասնական ֆինանսական կարգավորիչ