.jpg)
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին Աստանան և Բաքուն սերտացնում են կապերը
Ղազախստանը մշակում է նավթի արտահանման ռուսական ուղղությանը այլընտրանքային ուղիներ, այդ թվում Կասպից ծովի Աքթաու նավահանգստից դեպի Ադրբեջան արտահանման ճանապարհը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Ղազախական կողմը իր մտահոգությունն է հայտնել Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից, որոնք կարող են տարածվել նաև ռուսական տարածքով դեպի ԵՄ արտահանվող ղազախական նավթի վրա: Աստանան փորձում է զերծ մնալ այդ պատժամիջոցներից, քանի որ էներգակիրները կազմում են այդ երկրի արտահանման հիմնական մասը:
Ղազախական նավթը Ադրբեջանի ուղղությամբ արտահանելու տարբերակները ձեռնտու են երկու կողմերին էլ՝ Բաքուն կդառնա Կասպից ծովի երկրների համար յուրօրինակ «պատուհան» դեպի Եվրոպա, Ադրբեջանը կկարողանա նավթ ու գազ արտահանող երկրից վերածվել նաև տարանցիկ երկրի, իսկ Ղազախստանը կունենան ռուսական ուղղությունից անկախ, էներկագիրների արտահանման դիվերսիֆիկացված նոր ուղղություններ: Աքթաու նավահանգիստը Ղազախստանի ամենախոշոր նավահանգիստն է Կասպից ծովում և այն ավտոճանապարհներով, օդային, երկաթգծային տրանսպորտով կապված է Ղազախստանի կենտրոնական շրջանների հետ: Աքթաուի և Բաքվի միջև գործում է լաստանավային կապ:
Ղազախստանը և Ադրբեջանը նպատակ ունեն մոտակա ժամանակներս երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը:
Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների միջև այսօրվա դրությամբ բավարար չէ և այն պետք է ավելացնել: Դեսպանի խոսքով, 2013թ.-ի դրությամբ ադրբեջանա-ղազախական ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար: Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները: Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:
Բացի տնտեսական, առևտրային կապերից, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների զարգացմանն նպաստում են նաև 2 երկրներում գործող հասարակական կազմակերպությունները` Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, որը ստեղծվել է 1992 թ.-ի մայիսին և միավորում է երկրի 120.000-ոց ադրբեջանական համայնքը: Բաքվում 1994թ.-ից գործում է Ադրբեջան-Ղազախստան կազմակերպությունը:
Բաքուն կասպյան երկրների համար տարանցիկ տարածք դառնալու համար ակտիվ աշխատանքներ է տանում: Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015 թ.-ը:
Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:
Բացի այդ, Կասպից ծովի կարգավիճակի վերջնական կարգավորումը կարող է էներգետիկ-կոմունիկացիոն նոր միջանցքների ձևավորման սկիզբ դառնալ, այդ թվում Ադրբեջանի և Ղազախստանի համար:
Վերջերս Ռուսաստանի Աստրախան քաղաքում կայացել է Կասպյան 4-րդ գագաթաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները: Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:
Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը:
Այսպիսով, Ղազախստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ձևավորումը բխում է ինչպես երկկողմ, այնպես էլ Արևմուտքի շահերից, քանի որ գերտերությունները շահագրգռված են ռուսական նավթագազային կախվածությունը թուլացնել կասպյան ավազանի էներգակիրների շնորհիվ: