Է. Նալբանդյանը և Է. Ֆուրնյեին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները
15/10/2014 17:43

Է. Նալբանդյանը և Է. Ֆուրնյեին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը:

Հանդիպման օրակարգում են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը։

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորել է Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
 

Է. Նալբանդյանը և Է. Ֆուրնյեին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները