15/10/2014 13:59
Շանթ Հարությունյան. Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարությունը:
Այս նիստի ընթացքում մեղադրյալները պետք է հանդես գան պաշտպանական ճառերով, որից հետո, հավանական է՝ դատավորը անցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Նախքան դատական նիստի մեկնարկը Շանթ Հարությունյանի և մյուս ամբաստանյալների հարազատներն ու համախոհները դատարանի շենքի դիմաց պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Դատարան են եկել նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ներկաներից Վրեժ Զատիկյանը ասաց, որ նիստերի դահլիճում տեղերի սահմանափակ լինելու պատճառով ամբաստանյալների շատ հարազատների թույլ չեն տալիս ներկա գտնվել դատական նիստին և եթե կան մարդիկ, ովքեր ուղղակի եկել են դատական նիստը լսելու, կարող են դուրս գալ դահլիճից ու ուղիղ եթերի միջոցով նիստին հետևել:
Դրանից հետո Ն. Փաշինյանը դուրս եկավ դահլիճից:
Նիստի ընթացքում Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ասաց, որ ցանկանում է դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ նախորդ նիստին դատավորը իրեն զրկել է այդ հնարավորությունից, ինչը պայմանավորված է դատավորի կանխակալ վերաբերմունքով:
Դատավորի և Ի. Պետրոսյանի միջև բանավեճ սկսվեց, որից հետո դատավորը սանկցիա կիրառեց Ի. Պետրոսյանի նկատմամբ՝ նախազգուշացում:
Ապա իր խոսքում Շարնթ Հարությունյանն ասաց, որ մի քիչ վատառողջ է և լավ չի պատրաստվել իր խոսքին, երբեք չի խոսել նման բաների մասին, սակայն իրավիճակը ստիպում է իրեն խոսել իրավական որոշ երևույթների մասին:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր փաստաբաններին, որ մեզ փորձեցին պաշտպանել, իմ դիլետանտ մակարդակով իրենց գործունեությունը հաջող եմ համարում, բայց հիասթափված եմ փաստաբանական ինտիտուտից, որը հանդիսանում է սովետական ժառանգություն»,-ասաց նա:
Շ. Հարությունյանի խոսքով՝ ինքը ակնկալում էր, որ այս դատավարությունը կկարողանար որոշ փոփոխություններ մտցնել ոչ միայն փաստաբանական, այլև ժողովրդի մեջ առողջ տրամաբանություն ներդնելու առումով:
Շ. Հարությունյանը ասաց, որ սովետական ժամանակաշրջանում գործող մեղավորության կանխավարկածը, որ անձը ինքը պետք է ապացուցեր իր անմեղությունը, հիմա էլ մեր համակարգում գործում է, իսկ իշխանությունը ոչ թե իշխանավորներն են, այլ՝ ժողովուրդը՝ անկախ նրանից նրանք 100 հազար հոգի են, թե 3 մլն:
Նա, օրինակ բերելով ստրկատիրական կարգերը, ասաց, որ այդ ժամանակաշրջանում դատավորը իրավունք ուներ հպատակին անգամ մահապատժի ենթարկել իշխանության կամքին չենթարկվելու համար, սակայն եթե բարեփոխումներ չլիենին, մինչև հիմա ստրկատիրությունը մնալու էր աշխարհում:
«Հայաստանը դարձել է այնպիսի պետություն, որ ում տալիս են պաշտոն, մտածում են, որ իշխանություն է, իսկ մյուսը ճորտ է իր դեմ, օրենսդրությունը չի պաշտպանում քաղաքացուն ճորտային իրավիճակից»,-ասաց նա:
Շ. Հարությունյանի խոսքով՝ մեր սահմանադրության մեջ պետք է համարժեք հոդված լինի, որ պաշտպանի քաղաքացուն սահմանադրական իրավունքը՝ իշխանության ներկայացուցչի կողմից իր նկատմամբ բռնության կիրառմանը խոչընդոտելու վերաբերյալ, իսկ բռնապետությանը կարելի է հաղթել միայն հեղափոխությամբ, այն էլ պետք է նախ մարդկանց մտքով անցկացնել:
«Ոստիկանությունը ինքն է սադրում, հանցագործության դրդում, քանի որ անպատիժ է, ապօրինի զավթել է իշխանությունը և կարող է հրահել պրովոկացիոն իրավիճակ: Ժողովրդի տգիտությունից, փաստաբանների սովետական և ոչ ստեղծագործ մտածելակերպից օգտվելով՝ ոչ մի հանցագործ չի բացահայտվում: Դրա համար էլ ասում եմ, ժողովուրդ, չկա արդարադատություն այստեղ»,-ասաց նա:
Շ. Հարությունյանը նաև ասաց, որ փաստաբանները սխալ տեսանկյունից են մոտեցել գործին, քանի որ խոսում են խուլիգանության մասին, բայց Սահմանադրությունից պետք է սկսել, որ ինքը իր իրավունքն է իրացրել:
Նրա ելույթից հետո դահլիճից ծափահարություններ հնչեցին:
Նախորդող հրապարակում՝ Շ. Հարությունյանի գործ. Մկրտիչ Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը
Հարությունյանների փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալներին