Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին
15/10/2014 20:28

Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2014թ-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ հրամանագրում մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ ե մ.

1. 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին