.jpg)
Բացվել է ՀՀ փաստաբանների պալատի Արարատի մարզային համակարգողի գրասենյակը
Արարատի մարզում գործելու է ՀՀ փաստաբանների պալատի Արարատի մարզային համակարգողի գրասենյակը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Արարատի մարզպետարանի միջև այսօր՝ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաբաններն այսուհետ Արարատի մարզում ամսական առնվազն մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրելու մարզի բնակիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսելով Պալատի մարզային քաղաքականության մասին՝ նշել է. «Բոլորն էլ լավ գիտեն, որ մեծ մասամբ իրավական անցուդարձը կենտրոնացած է Երևան քաղաքում: Այս նախաձեռնությամբ փորձում ենք մեղմացնել մարզերում գործող փաստաբանների աշխատանքային խնդիրները»:
Ապագայում ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է նաև հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների համար: Փաստաբանների վերապատրաստումը իրականացնելու է ՀՀ փաստաբանական դպրոցը: Խոսելով վերապատրաստման կարևորության մասին՝ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նշել է. «Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր փաստաբան պետք է վերապատրաստվի 24 ժամ և այս առումով խնդիր էր առաջանում մարզերի փաստաբանների համար Երևան գալը: Մոտ ապագայում վերապատրաստումները կիրականացնենք հեռավար ուսուցմամբ»:
Արարատի մարզում գործում է ընդհանուր 19 փաստաբան, այդ թվում՝ Արտաշատ քաղաքում 9 փաստաբան, Արարատ քաղաքում 3 փաստաբան, Վեդի քաղաքում 4 փաստաբան և Մասիս քաղաքում 3 փաստաբան։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, մարզային խնդիրների համակարգման գծով ՓՊ նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, փաստաբաններ և մարզպետարանի աշխատակիցներ: