Արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել սահմանային իրավիճակը
16/10/2014 20:46

Արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել սահմանային իրավիճակը

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարար ‪Էդվարդ Նալբանդյանն‬ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ‬ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձել են հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է ‪ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

Արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել սահմանային իրավիճակը