Orange հիմնադրամի կողմից Խնձորուտում բացվել է համակարգչային սրահ
16/10/2014 18:08

Orange հիմնադրամի կողմից Խնձորուտում բացվել է համակարգչային սրահ

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներն այժմ արդեն կարող են օգտվել կաթի մթերման նոր կետից, որը ստեղծվել է Orange հիմնադրամի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Քարահունջի գյուղապետարանի համատեղ ջանքերով:

Կաթի մթերման այս նորաբաց կետը կծառայի տեղի ավելի քան 1000 բնակիչների կարիքներին, որոնց մեծ մասը զբաղվում է կաթի արտադրությամբ՝ այսպիսով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու հնարավորություն ընձեռելով համայնքի ընտանիքներին: Այս մասին հայտնում է Orange հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Orange հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Քարահունջ գյուղ՝ ներկա գտնվելու կաթի մթերման կետի պաշտոնական բացմանը:

«Orange հիմանդրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքներում տնտեսական գործունեության և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Մեր աջակցությամբ արդեն իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր Տավուշի և Արագածոտնի մարզերում՝ այսպիսով խթանելով տեղական արտադրությունն ու տնտեսական զարգացումը: Այժմ մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրի իրականացմանը Սյունքի մարզում, քանի որ այն կծառայի Քարահունջ համայնքի բնակիչների մեծ մասի պահանջներին: Ուրախ եմ նշել, որ այս նախաձեռնությունն իրականացվել է Orange Հիմնադրամի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որն աջակցում է մեր աշխատակիցների բարեգործական ծրագրերին: Նախագծի իրականացման համար այս անգամ դրամաշնորհը տրամադրվել է Դավիթ Համբարյանին: Սա արդեն թվով ութերորդ ծրագիրն է, որը Հիմնադրամը ֆինանսավորում է Orange-ի աշխատակիցների առաջարկած ծրագրերի հիման վրա», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ուրախ եմ այսօր ներկա գտնվել Քարահունջի կաթի մթերման կետի բացմանը: Այս նախագիծը համայնքի համար ունի մեծ նշանակություն, քանի որ անդրադառնում և լուծում է տալիս համայնքի կարևորագույն խնդիրներից մեկին՝ հում կաթի շուկա հասանելիությանը: Այժմ Քարահունջի բնակիչները կկարողանան կաթ մթերել անմիջապես շուկայի մասնակիցներին՝ այսպիսով ապահովելով կայուն եկամտի աղբյուր: Նշեմ, որ կաթի վաճառքի վերաբերյալ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի խոշոր վերամշակողներից մեկի հետ: Մեր կազմակերպությունը 2008թ.-ից իրականացնում է Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, և ուրախ ենք տեսնել, որ գյուղատնտեսական զարգացման հեռանկարն ապահովված է մարզի ևս մեկ համայնքում»,- ասել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը:

Նույն օրն Orange հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղի համակարգչային սրահ, որն ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyBox 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Խնձորուտի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Սա տարբեր գյուղական համայնքներում բացված արդեն թվով 24-րդ համակարգչային սրահն է: 

Orange հիմնադրամի կողմից Խնձորուտում բացվել է համակարգչային սրահ