Պոչամբարների վերամշակման նախագիծը  կնվազեցնի բնապահպանական ռիսկերը
16/10/2014 18:58

Պոչամբարների վերամշակման նախագիծը կնվազեցնի բնապահպանական ռիսկերը

Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:

Այս նախագիծը կյանքի կոչվելու պարագայում կարող է լինել իրապես աննախադեպ միջոցառում մի քանի առումներով: Առաջին հերթին խոսքը վերաբերում է տնտեսությունում մեծածավալ ներդրումների մասին, ինչը կարող է ապահովել ոչ միայն զբաղվածության զգալի աճ, այլև նպաստել հանքարդյունաբերության ոլորում վերամշակվող սեգմենտի աճին: Մյուս կողմից տարիներ շարունակ Հայաստանում ամեանաակտուալ խնդիրներից մեկը՝ պոչամբարների խնդիրը կարող է իր լուծումը ստանալ և մոտ երկու տասնյակի հասնող պոչամբարների թափոնը այլևս չսպառնա շրջակա միջավայրին: Իսկ դա վնասակար է շրջակա միջավայրի համար, քանի որ պոչամբարներում առկա մի քանի հարյուր միլիոն խորանարդ թափոնը բնապահպանական առումով լուրջ ռիսկեր է պարունակում:

Պոչամբարների ապարների վերամշակման գործընթացը տարածված է հանքարդյունաբերող խոշոր երկրներում: Հատկանշական է, որ պոչամբարների վերամշակումը հատկապես սուր ծառացած խնդիր է փոքր երկրներում, որտեղ մեկուսացված տարածքներում դրանց կուտակելու հնարավորությունները գրեթե բացակայում է, և պոճամբարների ծավալների աճը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: Հայաստանում պոչամբարների վերամշակման հնարավորությունների մասին մատնանշվել է դեռ խորհրդային տարիներին: Դեռ այն ժամանակ վերլուծվել էր ոչ միայն հազվագյուտ մետաղների, այլև որակյալ ցեմենտի հումքի ստացման հեռնակարները: Պարզապես այն համարվելով մեծ ներդրումներ և համապատասխան փորձ պահանջող միջոցառում տարիներ շարունակ կյանքի չի կոչվել: Իսկ այժմ, երբ այս նախագծի իրականացմանը ձեռնամուխ են լինելու մի քանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները, կարելի է ակնկալել տեսանելի արդյունք:

Այսպիսով, Հայաստանում պոչամբարների ապարների վերամշակման կարևոր գործընթացը կարելի է համարել սկսված, որը կունենա մի քանի դրական էֆֆեկտներ՝ կապահովի հազարից ավել աշխատատեղ, հնարավորություն կտա թափոնների վերամշկումից ստանալ արտահանման համար պիտանի մետաղական միացություններ և կնվազեցնի պոչամբարների պատճառով առաջացող բնապահպանական ռիսկերը:
 

Պոչամբարների վերամշակման նախագիծը կնվազեցնի բնապահպանական ռիսկերը