Հայ որբերի գորգի ցուցադրությունը անկեղծ քա՞յլ, թե ցինիկ ներկայացում կդառնա
16/10/2014 13:01

Հայ որբերի գորգի ցուցադրությունը անկեղծ քա՞յլ, թե ցինիկ ներկայացում կդառնա

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ նոյեմբերին «Հայ որբերի գորգը» ցուցադրության կներկայացվի Սպիտակ տան այցելուների կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:



ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնյաներից մեկն էլ իր հերթին «Ասբարեզ» պարբերականին էլեկտրոնային տարբերակով տեղեկացրել է, որ «նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ճանաչել ու սգացել են Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի բնաջնջման փաստը: Նրանք հայտարարում են, որ լիարժեք, անկեղծ և արդար ճանաչումը մեր բոլորի` Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Այս ոլորտում վարչակազմի աշխատանքի սկզբունքներից մեկն այն է, որ ազգերը ճանաչեն և հաշվի նստեն անցյալի ցավոտ տարերի հետ` կառուցելով արդար և առավել հանդուրժող ապագա»,- ասել է պաշտոնյան:

«Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ դարձել է գորգի ստեղծման պատճառ:

Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ապացույց կլինի, որ նա շարունակում է ի կատար ածել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:

Հույս կար, որ գորգը, որը գրեթե 20 տարի գտնվել է պահեստում, կարող է ցուցադրվել 2013 դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիուտի կողմից անցկացվող միջոցառմանը, որի մեջ ներառվում է նաև դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի` «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսը:

Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականներից մեկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղյալ է հայտարարել այն` հղում անելով Սպիտակ Տան այն որոշմանը, թե նա չի ցանականում տրամադրել գորգը:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Օսմանյան կայսրութան՝ հայերի հանդեպ իրականցված գործողությունները ցեղասպանություն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարությանը՝ ներկա պահին այդ թեման շոշափելով:

Հայ որբերի գորգը գործել են միլիոնավոր հանգույցներով, բրդե թելեր վերածել են կենդանիների և բույսերի՝ Եդեմի այգու պատկերի: Այս գորգը գործած որբերը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Ցեղասպանության վերապրածներն են:

Օգնության մեծ մասն եկել էր Մերձավոր Արևելքի կազմակերպութիւնից, որին արտոնագրեր էր տրամադրել ԱՄՆ-ի կոնգրեսը՝ կերակրելու և հոգ տանելու Միջին Արևելքում գտնղ հայ և հույն 100.000 որբերի մասին:
 

Հայ որբերի գորգի ցուցադրությունը անկեղծ քա՞յլ, թե ցինիկ ներկայացում կդառնա