.jpg)
ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում` պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները:
Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով նիստի մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը զորակոչի շրջանակում նրա համալրումն է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին, գեներալ-գնդապետը ներկայացրել է, թե դրական միտումները. և թե արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ է եղել նաև զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:
Նիստի ժամանակ քննարկվել են նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր:
Ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեկ են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորակոչի համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, այն կանցնի կազմակերպված ու առանց խոչընդոտների:
Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչը հստակ կազմակերպելու և անցկացնելու առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տրվել են նաև որոշ ցուցումներ և հանձնարարականներ: