.jpg)
Ծաղկաձորում մանկավարժության վերաբերյալ միջազգային գիտաժողով է մեկնարկել
Այսօր Ծաղկաձորում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի կազմակերպած «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով տարածաշրջանային միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 95 և մանկավարժության ամբիոնի 93 ամյակներին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Իրանից և Վրաստանից:

Գիտաժողովի բացմանը ներկա, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Aysor.am-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանին՝ տարածաշրջանային նշանակության նման միջոցառումներ պարբերաբար կազմակերպելու համար:
«Որքան հաճախ հանդիպեն մեր գիտնականներն, այնքան ավելի ամուր կլինի կապը մեր ժողովուրդների միջև: Մենք այսպիսով կփոխանակենք մեր փորձը, կկիսվենք մեր նվաճումներով ինչպես մանկավարժության, այնպես էլ՝ մյուս ոլորտներում»,- ասաց Թենգիզ Շարմանաշվիլին:
.jpg)
Ներկայացնելով գիտաժողովի կազմակերպման աշխատանքները՝ ԵՊՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր այն անցկացնել հանրապետական և ոչ թե միջազգային մասշտաբով.
«Անցյալ տարի ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն հայտարարեց գիտաժողովների կազմակերպման մրցույթ և Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնը մասնակցեց դրան: 2014թ.-ի փետրվարին մենք պարզեցինք, որ շահել ենք մրցույթն ու գիտպետկոմի ֆինանասավորմամբ որոշվեց կազմակերպվել հանրապետական մանկավարժության գիտաժողով: Այնուհետև Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից եղավ առաջարկ, որպեսզի իրենք էլ մասնակցեն այս գիտաժողովին՝ մենք սիրով համաձայնվեցինք:
.jpg)
Նման առաջարկ եղավ նաև Վրաստանի Հանրապետության դեսպանատան կողմից ու այսպիսով մեր գիտաժողովը դարձավ միջազգային»,- ասաց Նազիկ Հարությունյանն՝ ավելացնելով.
«Այսօր մեր տարածաշրջանի բոլոր երկների կրթության համակարգերում և մանկավարժության գիտության մեջ կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք քննարկման, մեկնաբանման կարիք ունեն և սա այն լավագույն միջոցն է, որպեսզի մեկտեղենք երեք երկրների գիտանական-մանկավարժների փորձը»,- ասաց նա:
Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, ով մեր թղթակցի հետ զրույցում նախ նկատեց՝ աշխարհում բոլոր խնդիրները ծագում են տգիտությունից.
.jpg)
«Մեկ անգամ ես տիկին Հարությունյանի հետ խոսում էի հանրության մեջ եղած տարբեր խնդիրների մասին և դեռ այն ժամանակ ասացի, որ իսկապես, դրանց պատճառը տգիտությունն է: Առհասարակ աշխարհում բոլոր միջադեպերը ծագում են իրար չհասկանալուց, չճանաչելուց: Իսկ եթե ուզում ենք իրար լավ ճանաչենք, ուրեմն պետք է համագործակցենք:
Երկխոսության միջոցով մենք կարող ենք շատ հարցեր լուծել: Հուսով ենք, որ այս գիտաժողովը գոնե փոքր դեր կունենա նաև կրոնական հարցերն ավելի լավ հասկանալու տեսանկյունից »,- ասաց դեսպան Մոհամադ Ռեիսին:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և «Տաթև» գիտակրթական համալիրի ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Վեհափառի խոսքը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: