17/10/2014 15:13
Վ. Սարգսյան. Ոչ միայն գոյատևեցինք, այլև՝ անկախ պետականության հիմք դրեցինք
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում 2015 թվականին չորս հիմնական ուղղությամբ է նախապատրաստվում: Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը`
«Հիշողություն՝ մեր զոհերի, մեր ժառանգության, որը վերադարձնելու շուրջ անելիքներ ունենք: Երկրորդ ուղղությունը՝ երախտագիտությունն է: 100 տարի առաջ մեկ ուրիշի համար ձայն բարձրացնելը, մեկ ուրիշի կողքին դժվարին պահին կանգնելը բացառիկ երևույթներ էին»,- ասաց Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ երբ թերթում ենք այս ալբոմի էջերը, տեսնում ենք՝ որքան լայնածավալ էր աջակցությունը մեր ժողովրդին. անհատներ, կառույցներ, կազմակերպություններ, պետություններ, ժողովուրդներ իրենց ձայնը բարձրացրեցին և կանգնեցին մեր կողքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առթիվ է երախտագիտության խոսք ասելու նրանց, ովքեր չվախեցան ու գործեցին:
«Երրորդ ուղղությունը՝ մեր գործունեությամբ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում մեր դերի ամրապնդումն է»,- ներկայացրեց Վիգեն Սարգսյանը, նշելով, որ մեր մոտեցումն այն է, որ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հիշեցնել բոլորին այդ հանցագործության ողջ ծավալը, վտանգը:
«Պետք է մեր մասնակցությունը բերենք մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության դեմ միջազգային պայքարի կարևոր գործին: Այսօր այս թեման արդիական է ինչպես երբեք՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ծավալված հանցավոր իրադարձությունները»,- ընդգծց նա:
«Չորրորդ ուղղությունը՝ վերածնունդն է: Ցեղասպանություն վերապրելը մեկ բան է, ցեղասպանությունից հետո վեր հառնելը՝ մեկ այլ բան: Երբ հետադարձ հայացք ենք նետում, տեսնում ենք, որ հպարտանալու շատ բան ունենք. ոչ միայն գոյատևեցինք, այլ նաև կարողացանք անկախ պետականության ձևավորման հիմք դնել, կարողացանք հաղթահարել մեզ պարտադրված պատերազմը»,- իր խոսքն ամփոփեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: