ՄԽ համանախագահներ. Շփման գծում իրավիճակը կայունացել է
18/10/2014 14:26

ՄԽ համանախագահներ. Շփման գծում իրավիճակը կայունացել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել են տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը չի մասնակցում այցին, սակայն պատվիրակության մեջ կա ԱՄՆ-ի ներկայացուցիչ: 

Բաքվում համանախագահները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ Հայաստանում՝ նախագահ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները քննարկում են ունեցել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի կողմից նախաձեռնած Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:

Համանախագահները վերագնահատել են նախագահների՝ Սոչիի և Ուելսի վերջին հանդիպումները՝ արձանագրելով շփման գծի երկայնքով իրավիճակի կայունացում ամռանը առաջացած լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ հրադադարի ռեժիմի վերջին խախտումները չեն սրի իրավիճակը:

Նախագահների հետ հանդիպումից բացի, համանախագահները մասնակցել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին: Սահմանի երկու կողմերում հանդիպում են ունեցել տեղական պաշտոնյաներին և հրամանատարներին՝ ճեպազրույց ունենալով անվտանգության հարցերի շուրջ:

Համանախագահները կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել բռնությունից, մասնավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ: 

ՄԽ համանախագահներ. Շփման գծում իրավիճակը կայունացել է