Հասան Ռոհանի. Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան լուսավոր է
20/10/2014 20:42

Հասան Ռոհանի. Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան լուսավոր է

«Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իրանի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան լուսավոր է և հավելել. «Թեհրանն ու Երևանը շատ լավ հարաբերություններ ունեն. իրանահայերը խաղաղ գոյակցում են մուսլմանների հետ. Մենք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերի շուրջ լավ համագործակցություն ունենք. Իրանը բարձր է գնահատում Հայաստանի ունեցած դրական դիրքորոշումն ու կեցվածքը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին, անդրադառնալով երկու երկրների պատմական և բարիդրացիական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվորեն համագործակցել Իրանի հետ:

Հայաստանի վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել Իրանի կառավարության և ժողովրդի՝ իրանահայերի հանդեպ ունեցած վերաբերմունքը և ԻԻՀ նախագահին հրավիրել է այցելել Հայաստան:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Նախատեսվում է, որ վաղը Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին:

Վարչապետին ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, բնապահպանության, մշակույթի և սփյուռքի նախարարները:

Հավելենք, որ ՀՀ կառավարության ծրագրում Հայաստանի անմիջական հարևաններ Իրանի և Վրաստանի վերաբերյալ հետևյալ դրույթներն են ամրագրված:

• Անմիջական հարևանների` Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների առավել զարգացում:
• Իրանի ու Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորում, համաշխարհային շուկայում ներկայացում և խթանում:
• Տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ, հատկապես՝ Վրաստանի և Իրանի, համագործակցության ակտիվացում՝ ապահովելով հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ:
• Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում, որը Հայաստանի Հանրապետությունից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի: 

Հասան Ռոհանի. Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան լուսավոր է