22/10/2014 12:51
Ե՞րբ կլինեն սահմանամերձ գյուղերի հարկերի կոնկրետ առաջարկությունները
Այսօր խորհրդարանում շարունակվեց «Սահմանամերձ գյուղերի հարկերի օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը:
Հիմնական զեկուցող ֆինանասների փոխնախարար Վախթանգ Միրումյանից ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց, թե այդ բնակավայրերի հետ կապված ե՞րբ կլինեն ավելի կոնկրետ առաջարկություններ և ինչպիսի՞ մոտեցումներով:
«Սահմանապահ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի ուղիղ թիրախում և զեկույցում ժամկետների մասին խոսելիս նշվում է «տարվա ընթացքում» ձևակերպումը: Քանի՞ տարվա մասին է խոսքը գնում: Բացի այս` արտոնագրի վճարման օրենքում կան ձևակերպումներ, որոնք վերաբերում են կենցաղային իրերի վերանորոգման խնդրին: Այդ գործառույթը ներառված է զեկույցում, թե՞ ոչ»,- մասնավորապես հետաքրքրվեց ՕԵԿ պատգամավորը:
Նա ընդգծեց նաև, որ պետք է ժամկետները կոնկրետացնել, քանի որ խոսքը գնում է սահմանամերձ համայնքների մասին, իսկ այնտեղ բնակվող մարդկանց համար ժամանակը խիստ կարևոր է, պետք է կանխատեսելի լինի:
«Մենք քննարկեցինք և հայտնեցինք մեր պատրաստակամությունը, որ կորնկրետ առաջարկությունների դեպքում չափանիշները դեռ կքննարկվեն և կամրագրվեն օրենքով»,- ի պատասխան ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վերջինս ընդգծեց, որ վերոհիշյալ ձևակերպումը ընդհանուր է, որն ամրագրված է հարկային օրենքում: «Բնականաբար ժամանակահատվածի տեսնկյունից` օրենքով սահմանված կագով, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համապատասխանեցնենք ցանկը: Ինչ վերաբերում է արտոնագրերի վճարներին, ապա նշեմ, որ հարկային ռեժիմների պայմաններում այլ արտոնություններ ևս սահմանվում են»,- պատասխանեց փոխնախարարը:
Պատգամավորն արձագանքեց, թե սահմանապահ գյուղերի բնակիչներն ավելի շատ ժամկետների հետ կապված խնդիր ունեն: «Մարդիկ պետք է իրենց անելիքները կանխատեսեն: Պետք է նաև մոբիլ հեռախոսների վերանորոգումների համար պայմաններ ստեղծել: Կան գործունեության ձևեր, որ կարելի է տարբերակել: Իսկ ժամկետները շատ ավելի լավ է հստակ նշել»:
Միրումյանի պատասխանը ոչ մի նոր բան, սակայն, չասաց. «Կոնկրետ առաջարկները ևս մեկ անգամ կքննարկենք և այդ հստակեցումները կկատարենք»: