Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
23/10/2014 18:20

Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովը քիչ առաջ քվեարկության դրեց «Սահմանամերձ գյուղերի հարկային օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրինագիծը:

Մինչ օրինագծի քվեարկությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դահլիճ հրավիրեց իր գործընկերներին, քանի որ  ՀՀԿ-ական պատգամավորներից շատերն ԱԺ դահլիճում չէին:

Վարման կարգով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկում, իսկ եթե իրենց կողմից հնչեցված առաջարկությունները չընդունվեն, երկրորդ ընթերցմամբ դեմ կքվեարկի նախագծին:

ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ ՕԵԿ-ը որոշ վերապահումներով կողմ է քվեարկում նախագծին, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քվեարկության դրվող փաթեթը կապ չունի այն մոտեցումների հետ, որոնք իրենք են ցանկանում տեսնել:

«Այդ ամենը հաշվի առնելով` մենք դեմ ենք քվեարկում նախագծին»,- հայտարարեց նա:

Նշենք, որ օրինագիծը 86 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Օրինագծին բացի «Ժառանգություն» խմբակցությունից, դեմ քվեարկեցին նաև ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:
 

Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց