«Ցավալի ու անարդար է». Դերասան Նորայր Օհանյանը տեղափոխվել է Մոսկվա
23/10/2014 19:45

«Ցավալի ու անարդար է». Դերասան Նորայր Օհանյանը տեղափոխվել է Մոսկվա

Դերասան Նորայր Օհանյանը, ով հեռուստադիտողի կողմից առավել լայն ճանաչում ձեռք բերեց «Կյանքի կարուսել» հեռուստանախագծի շրջանակներում, արդեն մի քանի ամիս էկրաններին չի երևում: Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու, թե ինչո՞վ է պայմանավորված ստեղծագործական անդորրը:

-Նորայր, արդեն բավական ժամանակ է, ձեզ էկրաններին չենք տեսնում: Ինչո՞ւ:

-Ավելի ստույգ՝ 5 ամիս է, որ էկրաններին չեմ երևում: Պատճառն իմ՝ երկրից բացակայելն է: Հիմա Մոսկվայում եմ ապրում:

-Գործնակա՞ն ուղևորություն է:

-Ոչ, բայց կոնկրետ նպատակով եմ մեկնել: Բայց քանի որ վերջերս փոքր-ինչ սնահավատ եմ դարձել, չեմ ուզում խոսել այդ մասին, դեռ ժամանակը չէ:

-Դերասաններից շատերն այսօր փորձում են սեփական բիզնես ստեղծել, քանի որ, գաղտնիք չէ, Հայաստանում դերասանի աշխատավարձով ապրելը դժվար է: Մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ: Եվ արդյո՞ք այդ դեպքում արվեստը չի նահանջի:

-Գիտեք, հաշվի առնելով այն, որ դերասանն իր ժամանակը, ուժն ու եռանդն իր մասնագիտությանը տրամադրելու փոխարեն ծախսում է այլ աշխատանքի վրա՝ կարելի է եզրակացնել, որ այո, արվեստը տուժում է…Ինքս բիզնեսի մեջ անհաջող փորձ եմ ունեցել, ինչն էլ ինձ շատ է խանգարել: Ամեն դեպքում, մարդը պետք է սիրի այն գործը, ինչով զբաղվում է, որպեսզի հաջողության հասնի:

-Գո՞հ եք այսօրվա հայկական թատերական և կինո աշխարհից:

-Ես չեմ կարող գոհ լինել այսօրվա մշակութային կյանքից: Մենք թերացումներ ունենք, և դրանք այնքան շատ են, որ նույնիսկ չգիտես՝ որից սկսես, որ մեկն ասես: Դերասանը Հայաստանում աննախանձելի վիճակում է գտնվում՝ սկսած նյութականից, վերջացրած՝ մասնագիտական հեռանկարներով: Աճելու տեղ գրեթե չկա: Քի՛չ են նաև լավ ռեժիսորները: Վերջիններս էլ իրենց հերթին շատ լուրջ խնդիրների առջև են կանգնում մտահղացումները կյանքի կոչելու ճանապարհին: Քի՛չ են դերասանի համար շահավետ նախագծերը: Հիմնականում, սիրողական մակարդակի արված կիսատ-պռատ բաներ են: Ի՞նչ անի խեղճուկրակ դերասանը այս խորապատկերում. նստի տանն ու ասի՝ ես լուրջ դերասա՞ն եմ: Չէ, պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, ստիպված կամ ակամայից մասնակցում է կասկածելի նախագծերի՝ ինքն էլ արդյունքում կասկածելի դառնալով: Նույնն էլ ռեժիսորը կարող է ասել, բողոքել դերասաններից: Մեկը մյուսի հետ սերտորեն կապված է: Ենթադրենք՝ լավ ֆուտբոլիստ ես, բայց ինչպե՞ս լավ խաղաս, երբ մարզադաշտը թերի է, մարզիչդ՝ անբան, խաղընկերներդ՝ ոչ պրոֆեսիոնալ, գնդակդ՝ ծակ, տրիբունաները՝ կիսադատարկ, այս ամենին գումարած էլ՝ սոված ես: Դե արի ու խաղա կամ նման խաղ դիտիր: Ահա այսպիսի մթնոլորտում մեր արվեստի գործիչները փորձում են լավագույնս ներկայանալ հանդիսատեսին: Գիտե՞ք, շատերի մոտ զարմանալիորեն ստացվում է, բայց հաճախ գովեստի խոսքեր լսելու փոխարեն լսվում է ճիշտ հակառակը:

 

-Էկրաններից, երբեմն, տպավորություն էր ստեղծվում, որ դուք էմոցիոնալ անձնավորություն եք: Այդպե՞ս է:

-Այո, էմոցիոնալ եմ: Դերասանը, արվեստագետը, ընդհանրապես՝ մարդը որոշ չափով պետք է զգացմունքային լինի:

-Ասում են, դերասանները շատ բծախնդիր են և իրենց այլ ոլորտում, այլ աշխատանքի մեջ երբեք չեն տեսնում… Ի՞նչ աշխատանք երբեք չէք կատարի:

-Նաև ասում են՝ երբեք մի ասա երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց, իհարկե, ցանկալի է, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի: Դերասանները ստեղծագործող մարդիկ են, իսկ այդպիսի մարդիկ իրենց դժբախտ են զգում, երբ չեն կարողանում ստեղծագործել: Ես նրանց շարքերում եմ:

-Նորայր, լսել եմ, որ նաև լրագրությամբ եք զբաղվել:  Ձեր հիմական մասնագիտությունը ո՞րն է:

-Ավարտել եմ թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, դերասան եմ, նաև սցենարիստ: Իսկ որպես լրագրող՝ առաջին քայլերս ուսանողական տարիներին եմ կատարել: Սովորում էի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, բայց, քանի որ, բանասերների ընտանիքից եմ, այդքան էլ հեռու չեմ գիր-գրականությունից, ինձ հետաքրքիր էր նաև այս ոլորտը: Առիթն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Հնարավորություն ընձեռվեց աշխատել թերթում, այն էլ՝ աշխատավարձով: Դե, ես էլ ուսանող, բա ո՞նց չհամաձայնեի (ծիծաղում է):

-Իսկ հետագայո՞ւմ ինչու թողեցիք լրագրությունը: Ձանձրացա՞ք:

-Ուղղակի հասկացա, որ դա իմ կոչումը չէ: Լավ լրագրող լինելու համար միայն մասնագիտական գաղտնիքներին տիրապետելը, գիտելիքներն ու ունակությունները բավական չեն: Լրագրողի բնավորություն պետք է ունենալ:

 

-Վերադառնանք Ձեր մասնագիտությանը. որպես դերասան, ձեզ Հայաստանում գնահատված զգո՞ւմ եք:

-Ամբողջ աշխարհում՝ գնահատված ասելով, նախ և առաջ հասկանում են նյութական կողմը, փողը: Այս առումով՝ ո՛չ, ես ինձ գնահատված չեմ զգում: Ինչ վերաբերում է հանդիսատեսի վերաբերմունքին, ապա այո, գնահատված եմ զգում: Տարբեր հեռուստանախագծերի շնորհիվ ինձ ճանաչում են շատերը, հավանում են, նույնիսկ՝ մեծարում: Իհարկե, դա հաճելի է: Բայց պահի տակ մտածում ես, որ արժանի չես այսպիսի վերաբերմունքի, որովհետև կան արվեստում ծանրակշիռ վաստակ ունեցող դերասաններ, որոնց չեն ճանաչում: Գիտե՞ք ինչու. որովհետև նրանք հեռուստացույցով չեն երևում, թատրոնում են: Սա ցավալի ու անարդար է:

-Նորայր, արդեն շուրջ կես տարի Մոսկվայում եք գտնվում:  Հնարավո՞ր է, որոշեք ձեր մասնագիտական գործունեությունը Հայաստանից դուրս ծավալել:

-Հնարավոր է, նամանավանդ, երբ լավ տարբերակներ լինեն, բայց ես ինձ դժվարությամբ եմ պատկերացնում Հայաստանից դուրս:Ամեն դեպքում, ուզում եմ ապրել ու աշխատել իմ երկրում: 

«Ցավալի ու անարդար է». Դերասան Նորայր Օհանյանը տեղափոխվել է Մոսկվա