ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին չի ազդի Արցախյան հակամարտության լուծման վրա. ԵԱՀԿ ՄԽ
23/10/2014 20:47

ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին չի ազդի Արցախյան հակամարտության լուծման վրա. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա փարիզյան հանդիպումից ակնկալում են խաղաղ համաձայնության հիմնական կետերի լուրջ քննարկումներ: Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրում է, որ այս մասին իրենց տեղեկացրել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահները կարծում են, որ Սոչիում և Ուելսում նախագահների հանդիպումները ստեղծել են կողմերի միջև «բանակցային նեղուց»:

«Մենք ակնկալում ենք խաղաղ համաձայնության հիմնական կետերի լուրջ քննարկումներ առաջիկա փարիզյան հանդիպման ընթացքում: Մենք նաև հույս ենք հայտնում, որ նախագահները պայմանավորվածություն ձեռք կբերեն՝ հիմնված փոխադարձ վստահության և թափանցիկության վրա: Համանախագահները պատրաստակամ են իրենց ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերել այս ուղղությամբ»,- ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության պատասխանում:

Աղբյուրը նաև նշում է՝ համանախագահներն այն կարծիքի են, որ Մինսկի խումբը հանդիսանում է միակ ձևաչափը, որին կողմերը վստահում են Արցախյան հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով:

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ևս հրապարակային հայտարարել են համանախագահների տեսակետը կիսելու, դրան աջակցելու մասին, և մենք էլ պատրաստ ենք կողմերին աջակցություն ցուցաբերել խաղաղության հասնելու նպատակով»,-ընդգծված է ԵԱՀԿ-ի պատասխանում:

Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համոզված են, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) չի ազդի հակամարտության լուծման գործընթացի վրա:

«Արցախյան հակամարտության լուծումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե այս կամ այն պայմանագրին կամ միությանը անդամակցելուց: Համանախագահները հույս են հայտնում, որ վերջին շփումներից հետո կողմերը կարող են տրամադրվել խաղաղության»,-նշված է աղբյուրում:

Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցման հավանական ազդեցությանը հակամարտության լուծման գործընթացի վրա, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը ևս մեկնաբանել է. «Արցախյան հակամարտության լուծումը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե պայմանագրերից ու միություններից»:

Ուորլիքը նաև շեշտել է՝ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է որոշումը, և ինքը հարգում է դա: Նրա խոսքերով՝ ամռանը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ի հայտ եկած լարվածությունը նվազել է, իրավիճակը հավասարակշռվել է, սակայն լարվածություն այնուհանդերձ առկա է:

«Հուսով ենք, որ նախագահները, նկատի ունենալով վերջին շրջանում անցկացված հանդիպումները, իրենց ուսերին կվերցնեն հակամարտության լուծման պատասխանատվությունը»,-ասել է համանախագահը:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը նաև հաղորդում է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «Գերմանիան ակնդետ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտությանը»:

Շտայնմայերը նկատել է, որ Ուկրաինայի դեպքերն ամիսներ շարունակ շեղել են իրենց ուշադրությունը, սակայն Արցախյան հակամարտությունը «դիտարկում են միևնույն անհանգստությամբ»:

«Մենք մեծ հույսեր ենք կապում հոկտեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման հետ և ակնկալում ենք, որ այն կմեղմացնի սառեցված դիրքորոշումները՝ հանգեցնելով հակամարտության շարունակական լուծմանը»,-ասել է նա: 

ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին չի ազդի Արցախյան հակամարտության լուծման վրա. ԵԱՀԿ ՄԽ