Արցախի բժիշկները որակավորման դասընթաց են անցնում Ստեփանակերտում
24/10/2014 19:40

Արցախի բժիշկները որակավորման դասընթաց են անցնում Ստեփանակերտում

Հոկտեմբերի 24-ին և 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում: Այս մասին տեղեկացնում են ՀՕՖ-ից:

Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին:Դասընթացն անցկացվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում:

Հոկտեմբերի 25-ի դասախոսությունները տեղի են ունենալու Ստեփանակերտի ծննդատանը: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացնելու է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները:

ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաև ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին:

Հանդիպմանը դասընթացավար-բժիշկների նախաձեռնությամբ մանկական վարակիչ հիվանդություններին ու հղությանը վերաբերող, Լեռնային Ղարաբաղում առկա մի շարք խնդիրների լուծման առաջարկներ են արվել, որոնք փոխնախարարը շատ է կարևորել ու խոստացել է առաջիկայում քննարման առնել:

ՀՕՖ-ն իր հերթին խոստացել է «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերհանված խնդիրները լուծելուն անհրաժեշտ գիտելիքներով վերապատրասել ղարաբաղցի բժիշկներին:

2005 թվականից գործող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրով Երևանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու Լեռնային Ղարաբաղից, որ ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:

Համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել նաև բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվանդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց:

 

Արցախի բժիշկները որակավորման դասընթաց են անցնում Ստեփանակերտում