Իրանցի պաշտոնյա. Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի
27/10/2014 18:05

Իրանցի պաշտոնյա. Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի

Հայերն ու մուսուլմանները մշտապես կողք կողքի ապրել են խաղաղ և բարեկամական պայմաններում: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի-Թորքամանը:

ԻԻՀ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահը Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական պատմական փոխառնչություններին, մասնավորապես նշել է. «Անկեղծորեն հայտարարում եմ, որ Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի: Հայերն ու մուսուլմանները մշտապես կողք կողքի ապրել են խաղաղ և բարեկամական պայմաններում»:

Արամ 1-ին կաթողիկոսն էլ իր խոսքում շեշտել է, որ տարիների ընթացքում հայկական կողմի՝ Իրանի Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության հետ ունեցած համագործակցության շնորհիվ դրական արդյունքներ են ստացվել:

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Իրան էր այցելել՝ մասնակցելու Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:

Նկատենք, որ Իրանում գոյություն ունի երկու հարյուրից ավելի հայկական եկեղեցի, որոնցից Ղարաքիլիսայի վանքը Ւրանի կառավարության ջանքերով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցանկում: Առաջիկայում նախատեսվում է Սպահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել այդ ցուցակում:

Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: 

Իրանցի պաշտոնյա. Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի