Նախարար. Նախատեսվում է ոչ միայն աշխատող մայրերին օգնել, այլև` չաշխատող
27/10/2014 18:40

Նախարար. Նախատեսվում է ոչ միայն աշխատող մայրերին օգնել, այլև` չաշխատող

Խորհրդարանական լսումների ժամանակ հնչած բոլոր առաջարկություններն իմի կբերվեն, կամփոփվեն և վերջնական արդյունքում կրկին քննարկման կներկայացվեն: Որևէ առաջարկություն չի անտեսելու: Բոլոր առաջարկությունները նախ կամփոփվեն, որից հետո կքննարկվեն և դուրս կբերվեն այն արդյունքները, որոնք կապահովեն օրենքի հետ կապված կարգավորումեր: Խորհրդարանական լսումներից հետո, երբ քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այն խնդիրները և մտահոգությունները, որոնք օբյեկտիվորեն հնչեցին, իհարկե կընդգրկենք նոր նախագծում»,- հավաստիացրեց նա:

Շարունակելով խոսքը՝ Ա. Ասատրյանն ասաց, որ Կառավարության ներկայացրած առաջարկը հստակ նպատակ է հետնապնդում, ըստ որի, նախատեսվում է ոչ միայն աշխատող մայրերին օգնել, այլև` չաշխատող:

«Մենք ուզում ենք ապահովել բոլոր մայրերին և տալ սոցիալական ապահովության երաշխիքները: Սա լավ առիթ է նաև ևս մեկ անգամ անդրադառնալ ոլորտում առկա այն խնդիրներին և դրանց համար գտնել ամբողջական լուծումներ»,- մանրամասնեց Ա. Ասատրյանը:

Նախարարը որևէ առաջարկ չբացառեց՝ հավաստիցնելով նաև, որ պետք է գտնվի այլընտրանքային ելք, որի լուծումը կրկին համալիր քննարկումների արդյունքը կլինի:

Aysor.am-ի հարցին ի պատասպան, թե այլ միջոցներով հնարավո՞ր չէր ոլորտում առկա խնդիրները լուծել, ինչո՞ւ հենց նպաստները իջեցնելը ընտրվեց, նախարարը պատասխանեց. «Այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում բոլոր փուլերում տրամադրվող նպաստներին ամբողջական մոտեցումներ են առաջարկվում և հենց այդ շրջանակներում էլ քննարկվում են այդ խնդիրները: Դա լուծումների վերաբերյալ առաջարկություններից մեկն է: Եթե օրենսդրական նախաձեռնությունն ուշադիր ուսումնասիրեն, ապա այնտեղ ամենատարբեր խնդիրներին է անդրադարձ կատարվել: Կրկնում եմ, որ բոլոր խնդիրներն ու առաջարկները պետք է լրացուցիչ քննարկվեն: Պետք է լինի այն լուծումը, որը կլինի ամբողջական ու ընդունելի»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով Հեղինե Բիշարյանի դիտարկումներին` սա սոցիալական անարդարության խնդիր է առաջացնում, նախարարը պատասխանեց, թե արդարության կամ անարդարության խնդիր չկա: «Խնդիրները պետք է դիտարկել տարբեր տեսանկյունից: Յուրաքնչյուր հարց պետք է դիտարկել հենց իր շրջանակում: Այսինքն` ծրագիրը, որի նպատակը կորցրած եկամտի փոխհատուցումն է, շաղկապվում է տարբեր գործոնների հետ: Դրա հետ կապված էլ կլինեն որոշակի առարկություններ ու մոտեցումներ: Մյուս խնդիրը դա չաշխատող մայրերին նպաստ տրամադրելն է: Երբ խոսում ենք ռիսկերի մասին, նկատի ունենք, որ մեկ-երկու ամիս աշխատելուց հետո հետագայում գտնվում են այդ նպաստներից օգտվողներ: Այսինքն` եթե մենք բոլոր մայրերին տրամադրենք այդ նպաստները, ապա այդ ռիսկը կմոտեցվի նվազագույնի: Մեկը մյուսի հաշվին չի կարող դիտարկվել, քանի որ դրանք տարբեր ծրագրեր են»,- եզրափակեց խոսքը նախարարը: 

Նախորդող հրապարակում՝ Նախարար. Պետք է տարանջատել հղիության նպաստը հիվանդության նպաստից

Նախարար. Նախատեսվում է ոչ միայն աշխատող մայրերին օգնել, այլև` չաշխատող