Քարդաշյանի համար պատիվ կլիներ «Thank You, հայրիկ» ֆիլմում խաղալը. Asekose
27/10/2014 21:11

Քարդաշյանի համար պատիվ կլիներ «Thank You, հայրիկ» ֆիլմում խաղալը. Asekose

90-ականների, մութ և ցուրտ տարիների լուսավոր կետերից մեկն էլ Միքայել Պողոսյանի «Խաթաբալադա» ներկայացումն էր: Նա բեմից ներկայացնում էր խնդիրը, սակայն միաժամանակ չէր թողնում, որ ներկայացման ավարտին զուգահեռ ավարտի և մարի հույսը: Այսօր էլ շարունակում է ստեղծագործել, քննադատելու դեպքում էլ դա անում է իր նոր աշխատանքների միջոցով, որոնց դեպքում միայն չի խաղում, այլ ինչպես ինքն է նշում է` ստեղծում է: Իսկ ստեղծված աշխատանքները բոլոր հայերի համար են` անկախ ծնված վայրից և օտարության մեջ ապրած տարիներից:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Միքայել Պողոսյանի հետ` «Thank You, հայրիկ», ֆիլմի, դրա ամերիկյան պրեմիերայի, 60 տարիներ արած և չարած աշխատանքների, հանդիսատեսի հետ ճգնաժամային հարաբերություններ ունենալու մասին և ոչ միայն:

-Ձեր վերջին աշխատանքը «Thank You, հայրիկ» ֆիլմն է: Այն հանրության համար հայտնվեց հանկարծակի, սակայն ունեցավ մեծ հաջողություն, որովհետև ի սկզբանե ստեղծված էր ոչ միայն ծիծաղելու, այլև հուզվելու, մտածելու համար: Տեղյակ եմ, որ ֆիլմի գաղափարն Ձերն էր և հենց Դուք էիք Վիգեն Ստեփանյանին առաջարկել աշխատել, ապա միասին սկսել էիք գրել սցենարը: Կարծում այս ամենն ուղղակի պատահականության արդյունք չէ, ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

-Ընդհանրապես կան թեմաներ, որոնց ուշ, թե շուտ պետք է անպայման անդրադառնաս: Օրինակ` 20 տարի անց ես անդրադարձա ղարաբաղյան թեմային և ստեղծվեց «Եթե բոլորը» ֆիլմը: Դա ինձ համար շատ սկզբունքային էր, նշեմ, որ «Եթե բոլորը» ֆիլմը մասնակցել է «Օսկարի», ինչն աննախադեպ է: Հենց ԱՄՆ-ում էլ ծանոթացա Քեն Դավիդյանի հետ և համատեղ ֆիլմ ստեղծելու մտահաղացում ունեցանք: Գաղափարից ոգևորված սկսեցի մտածել նյութը, գրելիս էլ հիմնակում Քենին էի պատկերացնում, բայց հետո հասկացա, որ գլխավոր հերոսը պետք է աղջիկ լինի: Մտածում էի, որ այդ հերոսուհին կարող է Քիմ Քարդաշյանը լինել, սակայն հետո նա հղիացավ, այսինքն` նույնիսկ առաջարկով հանդես չէին եկել: Սակայն Քիմ Քարդաշյանն իր կերպարով ամբողջովին համապատասխանում էր ֆիլմի ապագա հերոսուհուն:

-Սակայն ըստ Ձեզ` որքան՞ով էր իրատեսական, որ Քիմ Քարդաշյանը կընդուներ առաջարկը:

-Համենայն դեպս մենք կփորձեինք Քիմին դիմել, կարծում եմ իր համար մեծ պատիվ և հարգանք պետք է լիներ հայկական ֆիլմում նկարահանվելը, մանավանդ` տվյալ թեմայի դեպքում: Նշեմ, որ հերոսուհու ընտրությամբ էլ պետք պայմանավորվեր, թե որ երկրին պետք է անդրադառնայինք: Ւնչ վերաբերում է գլխավոր դերակատարուհու ընտրությանը, նշեմ, որ հետո հրապուրվեցի Նատալյա Օրեյրոյով, ով իր խառնվածքով շատ էր համապատասխանում մեր ֆիլմին: ԿապվեցինքՆատալյա Օրեյրոյի ներկայացուցիչների հետ, բանակցություններ վարեցինք, սակայն ժամանակային և գումարային խնդիրներ առաջացան և այդ գաղափարից էլ հրաժարվեցինք:
Հետո սկսվեցին հերոսուհու որոնումները: Ի դեպ, տվյալ դերի համար նաև փորձում էի Իվետա Մուկուչյանին, որովհետև նա շատ լավ է տիրապետում անգլերեն լեզվին, ինչը մեզ համար առաջնային էր, քանի որ գլխավոր հերոսուհին պետք է խոսեր օտար լեզվով, քանի ֆիլմի հիմքում այն գաղափարն է, որ հերոսուհին օտար ափերում է ծնվել և նույնիսկ գաղափար չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Այդ ժամանակահատվածում հայտնվեց Հրաչ Քեշիշյանի թեկնածությունը, ում ընտրեցի որպես ռեժիսոր և միասին սկսեցինք փնտրել հերոսուհուն:

-Ի վերջո, ինչպե՞ս գտաք ազգությամբ իտալացի Քրիստա Դոնարգոյին:

-Բազմաթիվ երկրներում` նույնիսկ Լեհաստանում և Չինաստանում փնտրել էինք, որովհետև հետաքրքիր կլիներ տեսնել հայ աղջկա, ով ապրել է Չինաստանում: Ի վերջո, Նյու Յորքում բնակվող ընկերուհիներիցս մեկը խորհուրդ տվեց Քրիստա Դոնարգոյին: Վերջինիս հետ տեսազանգի (SKYPE) միջոցով իրականացրած առաջին փորձը մեզ այդքան էլ չգոհացրեց, սակայն երկար որոնումներից հետո նորից անդրադարձանք Քրիստային և վերջնական որոշում կայացրեցինք: Քրիստան նման էր ֆիլմի հերոսուհուն, որովհետև նույնպես գաղափար չուներ, թե որտեղ գտնվում Հայաստանը, սակայն պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ շատ գոհ ենք Քրիստայից թե որպես պրոֆեսիոնալ, թե որպես մարդ:

-Եթե փորձենք վերադառնալ «Thank You, հայրիկ» ֆիլմի սցենարին, ապա ինձ հայտնի է, որ ըստ Վիգեն Ստեփանյանի` սցենարը ջան ասելով և ջան լսելով չի գրվել, բանավեճեր էլ հաճախ են եղել: Որո՞նք էին ստեղծագործական բախումների պատճառները:

-Նույն թեմայի շուրջ պարզապես երկու կարծիք կար, սակայն գաղափարն իմն էր և ըստ այդմ էլ` շատ լավ էի պատկերացնում, թե ինչ պետք է լիներ: Թեև արդեն նկարահանման հրապարակում սցենարում ի գուտ ֆիլմի որոշ փոփոխություններ եղան: Նշեմ եմ, որ Վիգենն իմ վաղեմի ընկերն է և միասին շատ ենք ստեղծագործել:

-Պարոն Պողոսյան, «Thank You, հայրիկ» ֆիլմում վերադարձ դեպի արմատներ գաղափարն է… Մեկ անգամ ասել եք` «Ինձ ոչ մի բան չի կարող այս երկրից հեռացնել». կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կարող էիք ապրել և ստեղծագործել այլ երկրում, ինչը երբեք էլ չեք արել: Ի վերջո, «Thank You, հայրիկը» Ձեր մեծ հայրենասիրության արդյո՞ւնքն է:

-Չեմ կարծում, որ հայրենասիրությունն այդքան մեծ առավելություն է: Դա այնքան բնական պետք է լինի, որ չշեշտվի որպես դրական հատկություն: Ես որդեգրել եմ մի սկզբունք երիտասարդ տարիներին, որը կայացավավ Միացյալ Նահագներում 1990 թվականին, ես հասկացա, որ պետք է ապրեմ և մեռնեմ հայկական հողում,որովհետև եթե Աստված քեզ ստեղծել է հայ, ուրվագծել է այն հողահատվածը, որը կոչվում է հայրենիք և ասել է` քեզ տեսնեմ, թե ինչ կարող ես անել այս պայմաններում, այս իրավիճակում, այս բարոյական անկման շրջաններում, պատերազմական շրջանում, այսինքն` մի ճանապարհ իմ կենսագրության մեջ, որն ացնում եմ ես և իմ ընկերները: Ես չեմ ուզում հրաժարվել ինձ առաջարկված պայմաններից, Այստեղ ես սնվում եմ, ստեղծագործական մուսաններս այստեղ են գալիս,: Նշեմ, որ եթե չինացի լինեի կարծում եմ, նույն ձև կսիրեի Չինաստանը: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա ասեմ, որ այն ինձ համար արդիական էր, որովհետև շատ եմ առնչվել հայերի հետ, որոնց զավակներն արդեն իսկ արդյունք են տվյալ որևէ երկրի, մշակույթի և նույնիսկ գաղափար չունեն Հայաստանի և դրա դարդերի մասին; Սակայն շատ դեպքեր էլ են եղել, որ Հայաստան ոտք դնող մարդկանց մոտ միանգամից արթնացել է իրենց գենետիկան: «Thank You, հայրիկը» սիրո մասին է, սիրող ծնողի, ամենագլխավոր հերոսը ֆիլմում հայրն է, ով թեև չի երևում, սակայն երեք նամակների միջոցով կարողանում է իր աղջկան վերադարձնել դեպի արմատներ:

-Շուտով` նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում «Global arts international»-ի նախաձեռնությամբ ում տեղի է ունենալու «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ի՞նչ զգացողություններ ունեք, արդյ՞ոք հուզմունքն ավելի մեծ չէ, որովհետև անձամբ իմ կարծիքով այս ֆիլմը պետք է, որ ցնցող հաջողություն ունենա հատկապես սփյուռքում, որովհետւ դրսում ապրող մեր հայրենակիցները ֆիլմում կտեսնեն իրենց և իրենց ապրումները, ծագումով հայ լինելու, սակայն հայ չզգալու բախումները:

-«Thank you, հայրիկ»-ն իմ եռապատման վերջին ֆիլմն է: Եթե անկեղծ լինեմ, ինձ համար ՍՄՆ-ի մեր հայ համայնքը, հատկապես Լոս Անջելեսում ապրող հանդիսատեսն այնքան հարազատ է, որ հիմնականում ստեղծագործում եմ այդ շրջանակներում: Բնականավար, այդ կարոտախտն ավելի է մեծացնում ընդունելությունը:
Տարիներ շարունակ համագործակցում եմ «Global arts international»-ի հետ, որի հիմնադիր նախագահ Գարբիս Թիթիզյանը իմ 25 տարվա ընկերն, հենց նրա նախաձեռնությամբ էլ ստեղծվեծ և ԱՄՆ-ում կայացավ եռապատման առաջին «Բարի գալուստ» ներկայացումը: Գարբի Թիթիսյանի առաջարկել էր ստեղծել այնպիսի մի ներկայացում, որի ընթացքում կմախմբեի տարբեր երկրների հայերին: Հիշում եմ, որ ներկայացման ժամանակ արձագանքն այնքան բուռն էր, որ երբեմն ստիպված էինք լինում դադար տալ, ապա շարունակել մեր խոսքը: Որպես եռապատման շարունակություն ներկայացրեցինք «Welcome Papa» ֆիլմը, որն ըստ էության «Բարի գալուստ» ներկայացումն էր` ֆիլմի տեսքով: Եվ հայրերին նվիրված -«Thank you, հայրիկ» էլ եռապատումն ավարտող ֆիլմն է: Ինչո՞ւ հայրերին, որովհետև շատ վաղ հասակում (12 տարեկանում) կորցրել եմ հորս և այդ բացը, թիկունքի պակասը միշտ էլ զգացել եմ:

-Միաժամանակ, ԱՄՆ-ում նաև նշվելու Ձեր 60-ամյակը, որը տոնել եք այս տարվա մայիսի 31-ին, Մեկ անգամ ասել եք, որ հատկապես այդ օրերին սկսում եք հասկանալ, որ ինչ-որ բանի արժանացել եք, ինչ-որ մի բանի պետք եք: Պարոն Պողոսյան, սիրո՞ւմ եք նմանատիպ օրերը մեծ շուքով նշելը, թե՞ ուղղակի թիվն է հոբելյանական:

-Ես իմ հոբելյանները միշտ նշել եմ ներկայացման կամ ֆիլմի պրեմիերայով: Նույնն էլ արել եմ այս տարի: Կարծում եմ, որ այդ օրերին պետք է որևէ բան տաս, ոչ թե հաճոյախոսություններ և գովասանքներ լսես, չէ՞ որ այդ ամեն ինչը չի կարող մեկ օր լինել, թեև այնքան երջանին անձնավորություն եմ, որ իմ Երևանով քայլելիս այնքան անծանոթ մարդիկ են ինձ մոտենում ևժպիտով ողջունում: Թեև այսօր շատերին են փողոցում ճանաչում, բայց ժողովուրդն ունի իր վերաբերմունքը, իր չափն այս կամ այն անձի հանդեպ:

-Պարոն Պողոսյանը, առհասարակ, երբ մենք տոնում ենք մեր ծննդյան տոները` առավել ևս երբ դրանք հոբելյանական են լինում, ինքներս մեզ համար որոշակի հաշվետվություն են անում մեր արած և չարած աշխատանքների, մեր նպատակների և ցանկությունների…Այդ զգացողությունը և հաշվետվությունն արե՞լ եք:

-Թիվը որևէ նշանակություն չունի, թեև ներկայացրեցի մի երգ, որը բնորոշում էր իմ տարիների աշխատանքը և այն ունեցավ համապատասխան տեսահոլովակ: Դա կարծես հետադարձ հայացք լիներ իմ անցած տարիներին, արած-չարածներին: Երգը շատ, համեստ, պարզ և հասարակ է: Երկար մտորումներից և աշխատանքներից հետո այն գրել է Քրիստ Մանարյանը, տեսահոլովակն էլ նկահարահանեցին Հրաչ Քեշիշյանը և Վահան Բադալյանը:

-Եթե խոսենք Ձեր ստեղծագործական գործունեության մասին, ապա հասկանում ենք, որ Միքայել Պողոսյանը որպես արտիստ ամեն ինչ արել և գնահատվել է: Նույնիսկ կարծիք եմ լսել, որ «Խաթաբալադա»ից հետո կարող էիք ոչինչ էլ չանել, որովեհետև իսկապես մնայուն աշխատանք էիք ստեղծել: Ձեզ որպես դերասան, այսօր ո՞ր դերն է պակասում, ինչի՞ մասին եք երազում:

-Միգուցե տարօրինակ թվա իմ պատասխանը, բայց արդեն երկար տարիներ է, ինչ ուզում եմ փախչել իմ մասնագիտությունից, որովհետև այն ինձ համար շատ անհեթեթ է: Ինձ համար ավելի կարևոր է, թե այդ մասնագիտության միջոցով ինչի մասին պետք է խոսեմ: Արտահայտվում եմ դերասան լինելու և երգի շնորհիվ: Դա է պատճառը, որ որևէ թատրոնում չեմ աշխատում, որովհետև այնտեղ դերերն են քեզ ընտրում, ոչ թե հակառակը: Բեմ բարձրանալը կամ ուղղակի էկրանին երևալն ինձ համար ինքնանպատակ չի եղել, ես այնքան դժվար եմ դա անում: Ինձ համար այսօր ավելի հաճելի է ոչ թե սոլիստ լինելը, այլ միասին մի բան ստեղծելը, ինձ թիմն է հետաքրքրում:

-Սակայն արդյո՞ք դժվար չէ միաժամանակ ստեղծել ֆիլմ, ներկայում, և խաղալ դրանում: Չէ՞ որ դրանք տարբեր աշխատանքներ են:

-Եթե ուզում ես առաջ մղել աշխատանքդ, պետք է ամեն ինչով էլ ինքդ զբաղվես, գումարներ հայթայթես, ի վերջո ամեն մեկը յուրովի է տեսնում քո նախագիծը: Այդ է պատճառը, որ ինքս եմ ընտրում իմ նախագծերի ռեժիսորներին և բեմադրիչներին, որոնց հետ ցանկանում եմ աշխատել: Նրանց հստակ պատմում եմ իմ գաղափարի մասին և որպես պրոդյուսեր արգելում եմ շեղվել տվյալ գաղափարից: Բայց պետք է նշել, որ շատ դժվար է և խաղալը, և պրոդյուսեր լինելը, որովհետև նկարահանման հրապարակում քեզ հետաքրքրում է բոլոր տեխնիկական թերությունները և դառնում ես դերասան միայն այն ժամանակ, երբ սկսվում է բուն նկարահանումը: Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է:

-Պարոն Պողոսյան, այսօր հայկական կինաարտադրության մեջ ակտիվություն է նկատվում, մեկը մյուսին հաջորդում են պրեմիերանները, որպես կանոն ֆիլմերն ավելի ժամանցայիյն բնույթ են կրում, հիմնականում կատակերգական ժանրում են: Ի՞նչ եք կարծում այսօր այդ ամենի հետևում կանգնածներն աշխատում են քանակի, թե՞ որակի վրա: Այն, ի՞նչ դուք տեսնում եք գոհացնում է Ձեզ:

-Դժբախտաբար, բոլոր ոլորտներն նման են իրար, ինչը գալիս է Հայաստանի բարոյահոգեբանական վիճակից: Արդյունքում էլ ստեղծվում են ծայրահեղ աշխատանքներ: Այս քաղաքում ապրել և ապրում են մարդիկ, որոնք լուռ ու մունջ ստեղծում են արժեքներ, որոնց պոռթկումները ժամանակ առ ժամանակ տեսնում ենք: Սակայն ապրում են նաև երևույթներ, որոնք փող կորզելու համար ամեն միջոցի դիմում են և չունեն սկզբունքներ` թե բարոյական, թե պրոֆեսիոնալ: Չկա գրաքննություն, չկա մի մուրճ, որը վերջ կդնի այդ ամենին: Այս ամենը բոլորիս մեղքն է: Թեև ամեն ինչ էլ պետք է արտադրվի, պետք է լինեն նաև այդպիսի ծայրահեղ տգետ կատակերգություններ, որոնք վերջերս են լույս տեսել: Պետք մարդկանց լավը ցույց տալ, գեղեցիկի մասին խոսել, ոչ թե մարդկանց լեփ-լեցուն դահլիճ ունենալու համար իջեցնել, չէ՞ որ մակարդակ և ճաշակ ես ձևավորում: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Քարդաշյանի համար պատիվ կլիներ «Thank You, հայրիկ» ֆիլմում խաղալը. Asekose