.jpg)
Դիակ անասնագոմում. Մահացածը հետախուզվում էր ոստիկանության կողմից
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ժամը 09.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված անասնագոմում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1972 թ. ծնված Լուիզա Մ.-ին պատկանող, Կոտայք գյուղի տարածքում տեղակայված անասնագոմին կից տնակում նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև առաստաղը փլվել է: Նշված տնակից հայտնաբերվել է 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգար Հայրապետյանը ս/թ. հուլիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի /յուրացնելը կամ վատնելը/ մեղադրանքով:
Նշված շինությունում հայտնաբերվել է նաև 1964 թ. ծնված Սարգիս Զ.-ին պատկանող «Մեվրիկ» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը` առանց համապատասխան փաստաթղթի: Հանգամանքները պարզվում են: Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: