29/10/2014 10:10
Հայկական կողմի դիրքորոշումը միշտ էլ կառուցողական է եղել. Էդվարդ Նալբանդյան
«Իմ գնահատականները միշտ էլ դրական միտում են ունեցել»: «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սա նախագահների արդեն երրորդ հանդիպումն էր այս տարի, որն այս անգամ նախձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Դա պատահական չէր, և երբ ես ասում էի, որ մեր դիրքորոշումը կառուցողական է, նկատի ունեի հենց այս փոքր քայլերը, որոնք այսօր իրականացվում են»,- ասաց ԱԳ նախարարը:
Նախարար Նալբանդյանի գնահատմամբ` այս հանդիպումը ևս դրական արդյունք է տվել: «Հանդիպման ընթացքում ևս մեկ քայլ արվեց՝ կողմերի դիրքորոշումը մոտեցնելու իրար: Իհարկե, սրանով չենք կարող ասել, թե խնդիրը վերջնականապես լուծված է, բայց այս հանդիպումը բեկումնային էր, որով ևս մեկ քայլ առաջ արվեց»,- հայտարարեց նախարարը` ընդգծելով, որ ԼՂՀ խնդրի վերջնական լուծման համար համապատասխան մեխանիզմներ են մշակվել:
Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը` նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանը բոլոր հարցերն առաջ է քաշել, որը ողջունել են նաև եռանախագահող երկրները: «Այդպիսի կոչեր մշտապես արվում են և այդ կոչերը պետք է դիտերկել հնարավորությունների հիմքում: Այսօր այդպիսի կոնկրետ քայլ, որ պետք է արվի` հստակ պայմանավորվածություն, ձեռք չի բերվել: Այսինքն` հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել»,- հավելեց նախարարը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: