31/10/2014 17:51
9 ամսվա ընթացքում գրանցվել է լրագրողների և լրատվամիջոցների ճնշման ութ դեպք
Այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել են լրագրողների և լրատվամիջոցների ճնշման ութ դեպք, որոնցից վեցը դատական գործեր են՝ վիրավորանքի և զրպարտանքի, ինչպես նաև անօրինական հիմքով լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ա. Մելիքյանը նշեց, որ ևս մեկ ճնշում եղել է այլ բնույթի, մասնավորապես՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից Araratnews.am-ի թղթակցին հավաքագրելու փորձը, որի նկատմամբ հետագայում սպառնալիքներ են հնչել, ինչը բանախոսի խոսքով` ճնշում է լրագրողի վրա և անընդունելի:
Նրա խոսքով` տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների և դատական համակարգի համառությունը, որով նրանք պահանջում են հրապարակել տեղեկատվության աղբյուրը:
«2013 թ. 3 եռամսյակի համեմատ՝ ֆիզիկական բռնությունների թիվը աճել է մեկով, ճնշումները լրատվամիջոցների և նրանց աշխատակիցների նկատմամբ նվազել են 7-ով: Եթե համեմատենք 2013 թ. և 2014 թ. 9 ամիսները, ապա ֆիզիկական բռնությունների քանակը հավասար է՝ 7-ական դեպք, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 2013 թվականի ընթացքում 8-ն էին, 2014-ին՝ 11-ը»,- ասաց Ա. Մելիքյանը: