31/10/2014 15:24
ՕԵԿ պատգամավոր. Ընտրական օրենսգիրքը փոփոխելու համար խումբ ենք ստեղծել
Ընտրական օրենսգրքի փոփոխության և 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ ԱԺ 4 խմբակցություններ՝ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ, աշխատանքային խումբ կձևավորեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Պատգամավորի խոսքով՝ աշխատանքային խմբում ԲՀԿ-ից լինելու է Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը և ինքը՝ «Օրինաց երկրից»:
«ՀԱԿ-ը չի մասնակցելու աշխատանքային խմբին, քանի որ ընդհանուր օրենքի նախագիծ ունի այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ մասնակցության առաջարկներ են ստացել նաև արտախորհրդարանական «Արդարություն» և «Ագրարային» կուսակցություններից:
Պատգամավորի կարծիքով՝ աբսուրդային է խոսել Սահմանադրական փոփոխությունների, կառավարման խորհրդարանական ձևին անցնելու մասին ու չանդրադառնալ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին:
«Ես լավատես եմ և կարծում եմ, որ ընդհանուր մոտեցումներով կհաջողվի հասնել հաջողության և փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:
Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ն առաջիկայում համագործակցի ոչ իշխանական եռյակի հետ, պատգամավորը պատասխանեց.
«Համագործակցություն հնարավոր է բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ մեր սկզբունքները համընկնում են»: