Տիգրան Դանիելյանը բացառիկ հարցազրույց է պատրաստում կարևոր մարդու հետ
31/10/2014 20:32

Տիգրան Դանիելյանը բացառիկ հարցազրույց է պատրաստում կարևոր մարդու հետ

Յուրաքանչյուր երկուշաբթի Առաջին ալիքի Առաջին տաղավարում «Բարդ երկուշաբթի» հաղորդման շրջանակներում բարձրացվում են հարցեր, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը լրագրող, «Բարդ երկուշաբթի» հաղորդման վարող Տիգրան Դանիելյանն է, ով հեռուստաաշխարհում է 9 տարեկանից:

-Դուք հինգ տարի աշխատել եք «Հայլուր» լրատվականում, ինչպե՞ս հասունացավ հեղինակային հաղորդում ունենալու պահը:

-Կարծում եմ, լրագրողների մեծ մասը մտքում միշտ հեղինակային հաղորդում ստեղծելու գաղափար ունի: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Հանրային հեռուստաընկերություն, մտածում էի՝ գուցե առաջին տաղավարում մի օր էլ կլինի իմ հաղորդումը: Այս տարի իրականացրեցի երազանքս:

-Տիգրան, ձեր հաղորդումը, թեև դեռևս երկու ամսվա կյանք ունի, բայց բավական մեծ լսարան է հավաքել: Ինչո՞վ է պայմանավորված «Բարդ երկուշաբթի» անունը:

-Նախ՝ կցանկանայի շեշտել, որ շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հետևում են հաղորդմանը: Սա նախևառաջ լրագրողական հաղորդաշար է և կարևոր է լրագրողների կարծիքն ու ներգրավվածությունը, ինչն էլ մենք փորձում ենք ապահովել հաղորդման շրջանակներում: Հաղորդման անունը իմ շատ լավ ընկերներից մեկը խորհուրդ տվեց:

-Տարածված փաստ է, որ նույն բնագավառի մարդիկ միմյանց նկատմամբ մասնագիտական խանդ ունեն. Ձեր հաղորդման մեջ ներգրավված են տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, ինչո՞ւ այդպես որոշեցիք:

-Ես կասեի՝ դա ոչ թե խանդ է, այլ մրցակցություն: Լավ լրագրողը ոչ թե սահամանափակվում է ասուլիսի մասնակցելով ու այդ մասին գրելով, այլ փնտրում է թեմա, որի շուրջ քննարկումներ կծավալվեն: Ամեն դեպքում, մենք նման լրագրողներ ենք փորձում ներգրավել: Բաց դաշտ ենք յուրաքանչյուր լրագրողի համար, ով ցանկություն ունի մեզ հետ աշխատելու, համագործակցելու: Հայկական հեռուստադաշտում աննախադեպ է. այլ լրատվամիջոցների մեր գործընկերներին ներկայացնում ենք ոչ թե թղթակից, այլ հենց իր լրատվամիջոցը: Այսօր հեռուստատեսությամբ լրագրողական որակյալ հաղորդումները շատ քիչ են, փորձում ենք շտկել այդ թերությունը:

 

-Համագործակցությունն ինչո՞ւ է միայն էլեկտրոնային լրատվամիջոցների հետ:

-Այստեղ երկու հանգամանք կա. նախ, մենք ենք հասանելի դառնում ինտերնետային լսարանի համար: Եվ հետո, հեռուստատեսային լրագրողի ներկայությունը մեր հաղորդմանը՝ մի քիչ կանխատեսելի է: Նրա ձայնն առանց այդ էլ ավելի հասանելի է: Իսկ այսպես փորձում ենք հասանելի դարձնել մեր այն գործընկերների խոսքը, ովքեր հեռուստատեսության պես մեծ դաշտ չունեն, նաև հնարավորություն է, որ իրենց ուժերը փորձեն հեռուստատեսությունում: Ոչ միայն առաջարկում ենք թեմաներ, այլև ուրախ կլինենք ցանկացած լավ առաջարկի, համագործակցության համար: Միասին լավ ու հետաքրքիր լրագրողական արտադրանք կարող ենք տալ:

-Հաղորդման շրջանակում թեմաների ընտրությունն ինչպե՞ս եք կատարում:

-Այս ընթացքում ուսումնասիրելով՝ հասցրել եմ իմանալ, թե իմ գործընկերներից ով ինչ ոլորտ է լուսաբանում: Նաև մեր հաղորդման ստեղծագործական կազմն առաջարկում է թեմաներ, որոնք միշտ արդիական են ու հետաքրքիր, կարելի է բացահայտումներ կատարել: Թեմաները որոշելուց և հաստատելուց հետո փնտրում ենք լրագրողների, ովքեր այդ թեմայով լավ հրապարակումներ ունեն:

-Հաղորդման մասին արձագանքներն ինչպիսի՞ն են, ուշադրություն դարձրե՞լ եք:

-Մենք շատ նամակներ ենք ստանում և գործընկերների կողմից՝ առաջարկներով, և հասարակության կողմից: Օրինակ, մեզ մոտ մի տատիկ էր հյուր եկել, ով առողջական խնդիրներ ուներ: Բժշկական կենտրոններից մեկը նրա բուժումը ստանձնեց՝ առանց վարձատրության: Մարդիկ տարաբնույթ խնդրանքներով են դիմում, մենք էլ փորձում ենք օգնել: Կարծում եմ, դա այն աշխատանքն է, որը պետք է կատարվի՝ առանց շատ խոսելու այդ մասին:

 

-Տիգրան, կարծեք թե, Հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում սկսել է լրագրողական աշխատանքի կարևորությունն առավե՞լ ընդգծել: Սիրողական, ժամանցային հաղորդումներն այլևս տեղը զիջում են մասնագիտական հմտությունների ուսումնասիրմանը:

-Ես իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել. իրականում, ցանկացած հեռուստաընկերության մեծագույն խնդիրը լրագրությունն է: Լրագրողական աշխատանքը ցանկացած ոլորտում չափազանց կարևոր է՝ կլինի դա ժամանցային թոք շոու, թե լուրջ հետաքննություն: Խնդիրը նրանում է, թե ինչպես ենք դա ներկայացնում…Հանրային հեռուստաընկերությունը այն դարբնոցն է, որը միշտ կադրեր է տվել բոլոր հեռուստաալիքներին: Այժմ կրկին ցույց է տալիս, որ լրագրողական լուրջ աշխատանքը շատ պահանջված է հեռուստադիտողների կողմից: Անձամբ ես խոստովանեմ, որ «Բարդ երկուշաբթին» այն ֆորմատով հաղորդումն է, որը երբեք չեմ արել և չեմ էլ տեսել հայկական հեռուստատեսությունում:

-Քանի որ Ձեզ համար սա նորություն էր, դժվարություններն ինչո՞ւմ էին կայանում:

-Կար հաղորդավարական փորձի պակաս: Այն հաղորդումները, որոնք ես վարել եմ մինչ այդ, եղել են ավելի համառոտ, տեսագրված տարբերակով, միշտ կարելի էր ընդհատել ու նորից տեսագրել: Բայց այստեղ շատ կարևոր են միջավայրը, մարդիկ, տրամադրվածությունը, միշտ պետք է զգոն լինես, որպեսզի չսխալվես:

-Դուք մանկուց եք հետաքրքրված լրագրող-հաղորդավարի գործունեությամբ: Ծնողնե՞րն են սեր առաջացրել մասնագիտության նկատմամբ:

-Ծնողներս բացարձակ կապ չունեն: Հայրս շինարար է, մայրս՝ անգլերենի ուսուցչուհի: Մորաքույրս նկատել էր, որ հայտարարություն է տրվել «Հայրենիք» հեռուստաընկերության կողմից, հարցրեց՝ կուզե՞մ փորձել: Ես էլ համաձանեցի, ինձ ընտրեցին, ու…:

-Եթե չեմ սխալվում, կինոաշխարհով նույնպես հետաքրքրված եք:

-Այո, փորձում ենք կինոընկերություն ստեղծել և զբաղվել նաև կինոարտադրությամբ: Եթե անգամ չստացվի, գոնե լավ փորձ ձեռք կբերեմ:

-Բայց դրանք տարբեր մասնագիտություններ են:

-Այո, բայց 21-րդ դարում մեկ մասնագիտությունը բավական չէ: Լրագրողները հիմա դառնում են մուլտիմեդիա լրագրողներ: Հաճախ իրենցից պահանջվում է և նկարել, և մոնտաժել: Պետք է միշտ մտածել, թե հաջորդ օրն ինչ հետաքրքիր ու դինամիկ նոր բան կարող ես անել:

 

-Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:

-Ես տարբեր ոլորտներից ընկերներ ունեմ, բայց ամենամտերիմ ընկերս Արտակ Վարդանյանն է, ում հետ «Հայրենիք» հեռուստաալիքից ենք սկսել: Արդեն 13 տարվա ընկերներ ենք: Մտերիմ ընկերներիցս են Էլինա Չիլինգարյանը, Սոնա Թորոսյանը, ով, ըստ իս, Հայաստանի լավագույն կին լուրերի մեկնաբանն է, Տաթևիկ Մանուկյանը, Իրինա Չոբանյանը: Շատ են ընկերներս, եթե նրանց հետ չշփվեմ, չեմ կարող ակտիվ ու լավ աշխատել: Շատ հաճախ մեր տանն ենք հավաքվում, համեղ բաներ ենք պատրաստում ու շատ հետաքրքիր ժամանակ անցկացնում:

-Մեզ համար պահած գաղտնիքներ չունե՞ք:

-Չէի ուզում գաղտնիքս բացել, բայց կասեմ. Պատրաստում ենք մեծ նախագիծ, որը հեռուստատեսային մեկ հաղորդում կունենա՝ բացառիկ հարցազրույց շատ կարևոր մարդու հետ: Անունը տալ չեմ կարող: Կլինի հաջորդ տարվա մեջ: 

Տիգրան Դանիելյանը բացառիկ հարցազրույց է պատրաստում կարևոր մարդու հետ