.jpg)
Վարդան Պետրոսյանի գործ. Վկային միայն «չեմ հիշում» ասել են սովորեցրել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարությունը:
Այսօրվա նիստին գործով վկա ոստիկան Մկրտիչ Խուդավերդյանը ասաց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը, եղել է նաև երկու ընթերակա։
«Ես չեմ ճանաչում դեպքի վայրում ներկա ընթերականերին, նրանցից մեկը տարեց էր, մյուսը` երիտասարդ: Այլ մանրամասներ չեմ հիշում»,- ասաց Մ. Խուդավերդյանը:
Դատախազի հարցին` ինչպե՞ս է հասկացել, որ նրանք ընթերականեր են, վկան ասաց, որ քննիչը անծանոթ քաղաքացիների է կանչել և ասել, որ պետք է մասնակցեն զննությանը և ստորագրեն, նրանց բացատրել է իրենց իրավունքները և նրանք համաձայնվել են մասնակցել:
Վկան ասաց, որ քննիչը վերջում բոլորի համար կարդացել է դեպքի վայրի զննության արձանագրությունը, իսկ իր ստորագրությունները չկան դրա տակ, քանի որ ինքը մոռացել է ստորագրել, հաջորդ օրը, երբ ուզել է ստորագրել, քննիչը ասել է, որ արդեն ուշ է:
Վկան «չեմ հիշում» էր պատասխանում դերասանի փաստաբանի հարցերին` կապված արձանագրության հետ, մասնավորապես, թե քննիչը ինչ իրավունքների և պարտականությունների մասին է ասել իրենց որպես դեպքի մասնակից, ինչին փաստաբանը ասաց, որ վկային միայն «չեմ հիշում» արտահայտությունն են սովորեցրել:
Փաստաբանի խոսքին միջամտում էր տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, ինչի համար դատավորը նրան նկատողություն արեց:
Նշենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել այդ ապացույցը, քանի որ դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերականերից մեկի`Կոտայքի մարզի գյուղ Զորավանի բնակիչ, 1985թ. ծնված Վազգեն Կարապետյանի տվյալներով մարդ Հայաստանում չկա: