01/11/2014 14:46
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակը նորից լարվել է, շատացել են կրակոցները
Սահմանին նորից լարված է իրավիճակը, կրակոցների թիվը շատացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, մասնավորապես՝ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ համաձայն որի երկու երկրները պետք է համագործակցեն գերիների և անհայտ կորածների վերաբերյալ ինֆորմացիա փոխանակելով.
«Ես անհայտ կորածների, գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովի նախագահն եմ և պետք է ասեմ, որ այդ գործում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է պետական կապի բացակայության պատճառով: Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով»,- ասաց պաշտպանության նախարարն՝ ընդգծելով, որ առհասարակ որևէ հարցում հաջողության հասնելու կարևորագույն նախապայմանն առաջին հերթին վստահության ամրապնդման միջոցառումներն են՝ և՛ հանդիպման օրերին, և՛ դրանից մի քանի օր առաջ:
«Երբ մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև՝ միայն դրանից հետո կկարողանանք այլ հաջողություն ակնկալել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Վստահության ամրապնդման կարևորագույն մեխանիզմներից նա նշեց դիպուկահարների հետ քաշումը, դիվերսիոն-հետախուզական գործողությունները բացառելը և միջադեպերի վերաբերյալ միջազգային հետաքննությունների անցկացումը:
«Մենք միշտ կողմնակից ենք եղել վստահության ամրապնդմանը և միշտ էլ հակառակորդի կողմից բացասական պատասխան է եղել: Մի քանի անգամ միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի և իրականացնելով միայն պաշտպանական խնդիրներ: Պատասխանը դարձյալ բացասական է եղել»,- ասաց պաշտպանության նախարարն ավելացնելով, որ միևնույն ժամանակ, եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա, մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք: