Վերին Կարմիրաղբյուրի 48 ընտանիք վառված այգիների փոխհատուցում է պահանջում
03/11/2014 18:15

Վերին Կարմիրաղբյուրի 48 ընտանիք վառված այգիների փոխհատուցում է պահանջում

Այս տարվա օգոստոսին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող մշակովի այգիներում խոշոր հրդեհ եղավ: Հրդեհի հետևանքով գրեթե լիովին ոչնչացան գյուղի 48 ընտանիքներին պատկանող այգիները: Մշակովի հողերն ու անասնապահությունն այս տարածաշրջանում ապրող ընտանիքների եկամուտի եզակի աղբյուրներն են:

Հետագայում պարզվեց, որ խոշոր հրդեհը բռնկվել էր տարածքում ջրատարի հետ կապված աշխատանքներ իրականացնող «Եղվարդշին» ՓԲ ընկերության անփութության պատճառով՝ եռակցման աշխատանքների ժամանակ:

Հաշվարկվեց հասցրած վնասի չափը, բայց ընկերությունը հայտարարեց՝ «Մենք մեղավոր չենք ու ոչ մի կոպեկ չենք վճարելու»: Տուժած գյուղացիները դիմեցին իրավապահներին, հարուցվեց քրեական գործ, բայց փոխհատուցում նրանք այդպես էլ չստացան:

Այսօր Վերին Կարմիրաղբյուրի մի քանի գյուղացիներ հարցի որևէ լուծում գտնելու նպատակով եկան Երևան՝ նախագահի նստավայրի մոտ` պահանջելով՝ կամ տվեք մեզ հասանելիք փոխհատուցումը, կամ կփակենք մեր մոտով անցնող հիմնական ճանապարհն ու հացադուլ կսկսենք.

«Սկզբում «Եղվարդշինի» ղեկավարն ասեց մենք չենք վառել ձեր այգիները՝ կարող ա սիգարետից ա վառվել, կարող ա թուրքերն են վառել: Բայց մեր տարածքը թուրքերին տենց մոտ չի, որ վառվի: Հետո հենց իրանց աշխատողները ստորագրել են, թուղթ են գրել, որ իրանց անփույթ աշխատանքի հետևանքով ա եղել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրից Երևան եկած Կամոն.

«Հետո գյուղում, գյուղապետարանի աշխատողների ներկայությամբ էդ ընկերության ղեկավարը շատ լկտի ձևով պահեց իրեն: Ասեց ձեր փողը չեմ տալու՝ ինչքան ուզում եք բողոքեք, թող իմ սվարշիկին տանեն նստացնեն, մի մեշոկ փող կտամ կազատեմ, բայց ձեզ մի կոպեկը չեմ տա»,- ավելացրեց գյուղացին:

Պարզաբանում ստանալու նպատակով Aysor.am-ը կապվեց նաև «Եղվարդշին» ՓԲԸ ղեկավար Սամվել Վարդանյանի հետ, ով նախ նշեց՝ հրդեհն իրենց ընկերության հետ բացարձակապես կապ չունի.

«Եվ երկրորդ հերթին՝ գյուղացիները բողոքել են ոստիկանություն ու քրեական գործ է հարուցվել: Օրենքը կորոշի՝ ով ա մեղավոր, ով չի մեղավոր: Էդքան բան: Մենք օրենքի դեմ գնալ չենք կարող: Քննություն ա գնում»,- ասաց Սամվել Վարդանյանը:

Aysor.am-ի հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը նշեց, որ իրենք, ճիշտ է, մասնագետ չեն, բայց փորձել են հաշվարկել փոխհատուցման գումարն ու խոսքը գնում է մոտ 50-60 մլն դրամ գումարի մասին.

«Մարդիկ են, եկել ցույց են արել՝ լավ են արել: Ես իրենց ոչ արգելում եմ գնան, ոչ էլ ստիպում եմ՝ իրենց որոշումն է»:

Գյուղապետից հետաքրքրվեցինք, ընկերության ղեկավարն իսկապես սպառնացե՞լ է, որ ոչ մի փոխհատուցում չի տա.
«Հա ինքն ասել է գյուղում, բայց դե իր ասելով չի: Որ ասելով լինի՝ ես էլ կարող եմ մի օր ասել, որ Երևանի հրապարակն իմն է, բայց դե ով կհավատա»,- ասաց Կամո Չոբանյանը:

Նշենք, որ նախագահի նստավայրում Վերին Կարմիրաղբյուրի գյուղացիները հանդիպել են դիմումների և նամակների բաժնի պետի հետ: Նրանց խոստացել են՝ հարցին հնարավորինս շուտ լուծում տալ:

Վերին Կարմիրաղբյուրի 48 ընտանիք վառված այգիների փոխհատուցում է պահանջում