Նոր «սուպերնախարարությունն» ու ներիշխանական հնարավոր վերադասավորումները
12/11/2014 20:10

Նոր «սուպերնախարարությունն» ու ներիշխանական հնարավոր վերադասավորումները

ԱԻՆ և Տարածքային կառավարման նախարարությունների միացման, դրա հետ կապված կառավարության նախագծի քննարկումները երկրորդվեցին առավել աղմկոտ քաղաքական քննարկումների ֆոնին:

Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միացումն առաջին հայացքից սովորական ներիշխանական կառուցվածքային փոփոխություն է: Ըստ էության, ստեղծվում է հերթական «սուպերնախարարությունը»: Այն հիմնավորվում է երկու գերատեսչությունների համադրելիությամբ: Երկու նախարարությունների միավորումը իշխանության ներկայացուցիչները բացատրում են այն հանգամանքով, որ ըստ էության ԱԻՆ գործունեությունn ակտիվորեն ծավալվում է նաև մարզերով, իսկ տարածքային կառավարման տեսանկյունից սա կարող է ավելի արդյունավետ լինել:

Ի վերջո, ինչո՞ւ է արվում այս փոփոխությունը, բացի կառավարման արդյունավետության մասին հիմնավորումներից, արդյոք կարո՞ղ ենք տեսնել այլ պատճառ:

Ակնհայտ է, որ բացի կառուցվածքային փոփոխությունից՝ այս քայլը կապված է ներկա ու սպասվելիք քաղաքական իրավիճակի հետ: Այս փոփոխության ենթատեքստը հասկանալ կարող է օգնել Երիցյանի քաղաքական կարիերան: Վերջինս երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և զբաղեցրել առաջատար պաշտոններ:

Ընդունված է համարել, որ հենց ուժային կառույցում աշխատանքի ընթացքում է Երիցյանը դարձել նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի գործընկերներից մեկը: Արմեն Երիցյանի ղեկավարած գերատեսչության դիրքերի հնարավոր ամրապնդումը հենց այնպես լինել չի կարող, նաև եթե հաշվի առնենք, որ նախագահը ևս իր գործունեությունը սկսել է, ոչ թե կուսակցական, այլ ուժային բյուրոկրատական օղակներից: Երիցյանը՝ ինչպես և իր «ուժային գործընկեր» Վովա Գասպարյանը,  իշխանության հանդեպ հանրային դժգոհությունների ֆոնին վերջին տարիներին հասցրել են իրենց ու իրենց ղեկավարած գերատեսչությունների հանդեպ որոշակի դրական վերաբերմունք ձևավորել: Միաժամանակ ակնհայտորեն այս երկու գերատեսչություններն էլ ընդլայնել են իրենց գործունեության մասշտաբները՝ ռեսուրսների իմաստով:

ԱԻՆ-ը, ոստիկանության հետ մեկտեղ, ամենօրյա անմիջական հաղորդակցման մեջ է հանրության ու քաղաքացիների հետ, ու այս իրավիճակում առաջին դեմքով են ներկայացնում իշխանությանը: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործունեությունը, հատկապես ամառվա սահմանային դեպքերի ժամանակ վերջինիս կոշտ ու ինքնավստահ հայտարարությունները, ինչպես նաև՝ իշխանության հին «թևին» պատկանող ու մեծ լծակներ ու ռեսուրսներ, ըստ էության՝ նաև սեփական քաղաքական/տնտեսական էլիտա ունեցող Աղվան Հովսեփյանին Գևորգ Կոստանյանով փոխարինելը:

Փաստացի, ունենք իշխանության ներսում նախագահի վստահությունը վայելող գործիչներ ու գերատեսչություններ, որոնք առանձին են իշխանության կուսակցական կորիզից ՝ ՀՀԿ-ից ու բիզնես-քաղաքական «հին էլիտաներից»: Ու փաստացի այս գերատեսչությունների ու նրանց ղեկավարների հանդեպ Սերժ Սարգսյանի առանձնահատուկ ուշադրությունը վկայում է այն մասին, որ նախագահը չի պատրաստվում քաղաքական հետագա գործընթացներին մասնակցել բացառապես կուսակցական թիմի հետ: Իսկ սրա պատճառները հեռու փնտրել պետք չէ, այդ պատճառները ի սկզբանե դրված են ՀՀԿ ձևավորման հիմքերում ՝ այն երկրի տնտեսական/բիզնես ու քաղաքական ռեսուրսը տնօրինող տարբեր, հաճախ հակասական թևերի ու էլիտաների խումբ է, էկլեկտիկ է, ու հնարավոր փոփոխությունների դեպքում՝ կարող է ենթարկվել փոփոխությունների: 

ՀՀԿ ներսում նոր էլիտայի ձևավորման փորձն ավարտվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականով, իսկ հրաժարականի համար նույն ՀՀԿ-ում որոշ խմբեր ու հայաստանյան հին «էլիտան» քիչ ջանքեր չգործադրեցին: Բայց այդ էլիտայի ազդեցության լծակները սահմանափակվում են նույն տնտեսական կապիտալի շրջանակներում: Հետևաբար, արդեն սեփական դիրքերի ամրապնդումն ու իշխանության ուժեղացումը առավել լայն թափով իրականացվում է երկրի ղեկավարման առավել առանցքային օղակներում՝ նոր որակի վերահսկողություն հաստատելով:

Արմեն Երիցյանի դեպքում՝ փաստացի ևս մեկ գերատեսչության ու դրա ղեկավարի ամրպանդումից բացի, ունենք տեղերում իշխանության վերահսկողության ներկայության ևս մեկ ուժեղ լծակի ստեղծում: Այսինքն՝ տարածքային կառավարումը՝ ԱԻՆ բազմաթիվ ռեսուրսներով հագեցված, փաստացի կապահովի երկրի ողջ տարածքով կառավարման և վերահսկման ամբողջական մի մեխանիզմ իշխանության համար:

Այս իմաստով, երկու նախարարությունների միացումը ու այս համատեքստում Արմեն Երիցյանի քաղաքական առաջխաղացումը կարող է խոսել, ոչ միայն իշխանության ներսում կառուցվածքային-բյուրոկրատական, այլև հստակ քաղաքական, թիմային վերադասավորումների փոփոխությունների մասին: 

Նոր «սուպերնախարարությունն» ու ներիշխանական հնարավոր վերադասավորումները