Բեգլարյանը՝ վթարի մասին. Ինչո՞ւ եք ասում, որ որևէ նախարարություն է մեղավոր
12/11/2014 19:40

Բեգլարյանը՝ վթարի մասին. Ինչո՞ւ եք ասում, որ որևէ նախարարություն է մեղավոր

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում ավտովթարի հարցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ մեղք չունի: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողներին ասել է նախարար Գագիկ Բեգլարյանը:

Գ. Բեգլարյանը ասաց, որ տարածքում առկա են եղել բոլոր նշանները, իսկ ճանապարհը և ասֆալտը չէին կարող վթարի պատճառ դառնալ:

Հարցին՝ արդյոք ո՞ր պատկան մարմնի մեղավորության պատճառով են ավտոճանապարհների մեծ մասը անբարեկարգ և չլուսավորված, Գ. Բեգլարյանը զայրացավ. «Ինչո՞ւ եք վերցնում, որ որևիցե նախարարություն է մեղավոր: Եթե մի խմած վարորդ վթարի է ենթարկվում, նախարարությո՞ւնն է մեղավոր»:

Նա ասաց, որ դեպքի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։

Նախորդող հրապարակում՝ Շիրակի մարզի ավտովթար. Պատճառը, միգուցե, երթևեկության սխալ կազմակերպումն է 

Բեգլարյանը՝ վթարի մասին. Ինչո՞ւ եք ասում, որ որևէ նախարարություն է մեղավոր