Գալուստ Սահակյան. Ի՞նչ ասեմ, պատասխանեմ՝ ընդդիմությանն ուրախացնե՞մ
12/11/2014 20:40

Գալուստ Սահակյան. Ի՞նչ ասեմ, պատասխանեմ՝ ընդդիմությանն ուրախացնե՞մ

«Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե պետք է վերանայել առաջարկները, պարզապես ասել է, որ այդ կետերը կարելի է քննարկել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել կառավարությանը վերանայել Քառյակի ներկայացրած 12 կետերը:

Դիտարկմանը, որ մի քանի ամիս առաջ վարչապետը մերժել է այս կետերը, նա արձագանքեց. «Վարչապետը չի մերժել, նա ընդամենը պատասխանել է հարցադրումներին, որը կարելի է ինչ-որ չափով կատարել»,- ասաց նա:

Հարցին, թե ընդդիմության հանրահավաքնե՞րն էին պատճառը, որ նման հայտարարություն արեց նախագահը, Սահակյանն այսպես պատասխանեց.

«Ի՞նչ ասեմ, պատասխանեմ՝ ընդդիմությանն ուրախացնե՞մ: Դուք չզգացի՞ք, որ մենք ընդամենը ականջալուր եղանք հարցադրումներին, ոչ թե հանրահավաքներին: Որը որ հնարավոր է, բնական է, կատարում ենք, առավել ևս՝ առանց հանրահավաքի քաղաքական ուժերը խորհրդարանում մշտապես քննարկումներ են անում, ցանկացած հարց քննարկում են»,- հավելեց նա:

ԱԺ նախագահն ընդգծեց նաև, որ ՀՀԿ-ն հետքայլ անող քաղաքական ուժ չէ, իսկ այդ մասին իշխանություններն անգամ չեն էլ մտածում, այլ հակառակը` հոխորտալու փոխարեն իրականացնում են իրենց ծրագրերը:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց, Գ. Սահակյանն ասաց. «Ես այդ հանդիպման մասին տեղյակ չեմ: Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնական քննարկումների կարգի հանդիպում ունենալ: Ինչ վերաբերում է նախագահի հորդորին, ապա պետք չէ թշնամանքով վերաբերվել այդ հայտարարությանը: Նույնը վերաբերում է նաև ընդդիմության առաջարկներին»:

Հարցին, թե մինչև հիմա թշնամանք կա՞ր,Գ. Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մեր հանդուրժողականության հետևանքով է, որ այսօր և՛ լրագրողներն ունեն ազատ խոսքի իրավունք, և՛ ընդդիմությունն է կարողանում առանց արգելքների քայլեր անել, այնպես որ, մենք միշտ էլ հանդուրժողական ենք եղել»:

Դիտարկմանը` փշերով չեն ընդունելո՞ւ ընդդիմությանը, նա ասաց. «Նայած. եթե հոյհոյանքներ են, ոչ թե փշերով, այլ...: Իսկ խելամիտ առաջարկությունները միշտ էլ քննարկվելու են ու հաճախ ընդունվել են»:

ԱԺ նախագահը, սակայն, չխոսեց, թե ներկայացված կետերից որն են սկսելու առաջինը կատարել կամ քննարկել: «Ճիշտն ասած՝ այնքան են ասել կետեր, որ մոտավորապես հիսուն են դառել»,- նկատեց պատգամավորը: 

Գալուստ Սահակյան. Ի՞նչ ասեմ, պատասխանեմ՝ ընդդիմությանն ուրախացնե՞մ