.jpg)
ԱԺ նախագահը՝ Ծառուկյանի, արահերթ ընտրությունների և ԸՕ փոփոխության մասին
Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցը պետք է դեռևս քննարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ԸՕ փոփոխությանը ինքը կողմակից չէ:
«Ես չեմ ուզում ունենալ Երևան քաղաքի խորհրդարան»,- ասաց նա:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որով վերջինս ակնարկում էր ԸՕ բարեփոխումներ իրականացնել՝ Գալուստ Սահակյանը նկատեց, որ այլ բան է քաղաքական իրավիճակը, այլ բան` այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն, այլ բան` խոսքը: «Բոլորն էլ կարող են խոսել 100 հազարից, 200 հազարից ու միլիոններից»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե չե՞ք հավատում, որ իշխանափոխություն կլինի, ԱԺ նախագահը պատասխանեց, որ նման խնդիրներ առաջանում են այն դեպքում, երբ իշխանափոխության պայմաններ ու տրամադրություններ կան հասարակության ներսում, ինչը նա չի տեսնում:
«Պետք է լինի հասարակական պահանջ: Իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է: Ձևավորվում է քաղաքական դաշտ, և սկսում են ժողովրդին համոզել, որպեսզի իշխանափոխություն իրականացնեն, որպեսզի իրենք ժողովրդի հետևից գնան: Նման քաղաքական գործընթացների ժամանակ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի»,- ասաց ԱԺ նախագահը:
Հարցին, թե ոչ իշխանական ուժերի պահանջներն ընդունո՞ւմ է, Գ. Սահակյանն ասաց, որ եթե այդ պահանջները հնարավոր լինի իրականացնել, ուրեմն դրանք կլուծվեն:
Դիտարկմանը ԸՕ-ի պահանջն է՞լ, Գալուստ Սահակյանն ասաց, որ ԸՕ փոփոխությունը կլինի ճիշտ իր ժամանակին:
Գալով արտահերթ ընտրությունների հավանականությանը` Գալուտ Սահակյանը դրանք ևս բացառեց: «Երբ արտահերթ ընտրություններ են լինում, գիտեք, դա բացասական երևույթ է: Քավ լիցի` մեր քաղաքական օրակարգում նման խնդիր ոչ քննարկում են, ոչ էլ իրողության մեջ կա»,- ասաց նա: