.jpg)
«Գազ՝ մարդասպանի դիմաց». Հունգարիան ցանկանում է գազ գնել Ադրբեջանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հունգարիա կատարած այցի ընթացքում այդ երկրի հետ ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է Հունգարիա գազ առաքելու հնարավորությունները: Իր հերթին, Օրբանը նշել է, որ Ադրբեջանից գազի մատակարարումները բխում են ամբողջ Եվրոպայի էներգետիկ շահերից:
Ադրբեջանը հանդիսանալով էներգակիրներ արտահանող երկիր ցանկանում է ամրապնդվել եվրոպական էներգետիկ շուկայում: Այդ նպատակով Արևմուտքի աջակցությամբ Բաքուն ցանկանում է կյանքի կոչել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որով ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով պետք է արտահանվի եվրոպական շուկա՝հանդիսանալով ռուսական գազին այլընտրանք և մրցակից:
Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուկրաիանական ճգնաժամի պատճառով առաջացած նոր «սառը պատերազմը» դրդում է Բրյուսելին փնտրել այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ և դիվեսիֆիկացիայի ենթարկել ԵՄ-ի էներգահոսքերը: Այս պահի դրությամբ Հունգարիան գազը հիմնականում ստանում է Ռուսաստանից և նույնպես ցանկանում է նվազեցնել միակողմանի կախվածությունը ռուսական առաքումներից:
Բացի այդ, Հունգարիան միանալով Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու քաղաքականությանը հայտարարել է դեպի այդ երկիր ռուսական գազի ռևերսային մատակարարումների մասին: Այդ մասին Բուդապեշտում Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Յնոշ Մարտոնին: Նա նշել է, որ Հունգարիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Իլհամ Ալիևի Բուդապեշտ կատարած այցի ընթացքում հունգարական կողմից հետ ստորագրվել է 8 պայմանագիր և հունգարա-ադրբեջանական հարաբերությունները սկսելու են կրել ռազմավարական բնույթ, ինչի մասին հայտարարեցին նախագահները: Ադրբեջանի համար Հունգարիան կարող է դառնալ եվրոպական շուկա մուտք գործելու ևս մեկ «պատուհան» կամ տարանցման երկիր: Ըստ երևույթի, ադրբեջանա-հունգարական կապերը բավականին խորն են, այդ թվում կուլիսային դիվանագիտության առումով, եթե հաշվի առնենք Հունգարիայի կառավարության կողմից գաղտնի կերպով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու նախադեպը:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ ՀՀ նախագահը 2012թ.-ին խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ հայտարարվեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերի դադարեցման մասին:
Նախագահը իր խոսքում նշել էր.«Գուրգեն Մարգարյանի սպանությունից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:
Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ»:
Այսպիսով, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկիրը գազային, էներգետիկ շահերից ելնելով մարդասպանին ազատ արձակեց՝ոտնահարելով միջազգային իրավունքի և բարոյական բոլոր նորմերը: