Ստեփան Դեմիրճյան. Սա երկրում առկա իրավիճակին համարժեք բյուջե չէ
12/11/2014 18:33

Ստեփան Դեմիրճյան. Սա երկրում առկա իրավիճակին համարժեք բյուջե չէ

2015 թ. պետական բյուջեի նախագիծը ակնհայտորեն չի կարելի համարել զարգացման բյուջե: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հատարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ այս բյուջեով կանխատեսվում է 4.1 % տնտեսական աճ, իսկ 2014 թ. բյուջեով՝ 5.1 % տնտեսական աճ, սակայն այժմ 4 % տնտեսական աճի ապահովումը կներկայացվի որպես ձեռքբերում, որովհետև սա նախևառաջ պայմանավորված է արտաքին գործոններով և Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն՝ տարին կփակենք 2.5-2.7 տոկոս տնտեսական աճով:

Պատգամավորը ասաց, որ չեն կարող կողմ քվեարկել այս բյուջեի նախագծին, քանի որ այն երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ և այս իշխանությունը ի վիճակի չէ իրականացնել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ:

Ս. Դեմիրճյանը քննադատեց Կառավարությանը՝ նշելով, որ մեր երկիրը գտնվում է ծանր վիճակում և այն պարագայում, որ աղքատությունը պաշտոնական տվյալների համաձայն, մոտենում է 40 %-ի, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է զերծ մնան շռայլություններից, սակայն հակառակ պատկեր ենք տեսնում:

«Վարչապետը ասել է, որ կառավարությունը չունի կախարդական փայտիկ, որպեսզի մեկ ակնթարթում լուծի խնդիրները և վերացնի տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան, ինչը հետևանքն է տարիներ շարունակ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության: Բայց ի՞նչ է, այս կառավարության անդամները կապ չե՞ն ունեցել դրա հետ»,- ասաց Ս. Դեմիրճյանը:

Պատգամավորը ասաց, որ նրանց մեծամասնությունը ակտիվ դերակատարում է ունեցել այդ արատավոր պրակտիկայի ձևավորման հարցում, քանի որ հանդիսանում է նախորդի շարունակությունը:
 

Ստեփան Դեմիրճյան. Սա երկրում առկա իրավիճակին համարժեք բյուջե չէ