Հովհ. Մանուկյան. Դատապարտյաների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է
12/11/2014 20:35

Հովհ. Մանուկյան. Դատապարտյաների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քաղաքականություն է պետությունը վարում քրեակատարողական հիմնարկները կարգի հրավիրելու ուղղությամբ:

«Շուրջ 4 հազար կալանավոր այսօր պատիժ է կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Յուրաքանչյուր կալանավորի համար պետությունը ծախսում է շուրջ 150 հազար դրամ: Դա մեծ ծախս է մեզ նման փոքրիկ երկրի համար»,- հավելեց պատգամավորը` նշելով նաև, թե ինքը օրերս ստացել է դատապարտյալ Անդրանիկ Բեգլարյանից մի նամակ, ըստ որի` կալանավորը պատգամավորին խնդրել է իր մասին ԱԺ-ում բարձրաձայնել:

«Անդրանիկը գտնվում է Սևանի ՔԿՀ-ում, ով դատապարտվել է գողության համար: Նա գողացել է մի քանի բջջային հեռախոս: Նա ներկայացրել է մի քանի հեռախոսների համար հատուցում, սակայն այդ փաստաթուղթը նրա պատիժը մեղմելու համար համապատասխան մամինները իրավական հիմք չեն ընդունում: Նա ծնողներ չունի, ամուսնացած է և ունի 9 ամսեկա մեկ երեխա: Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եք ծանրաբեռնում մեր քրեակատարողական հիմնարկները: Եվ ինչո՞ւ չի հիմք ընդունվում Անդրանիկի փաստաթուղթը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատութհան նախարար Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում նշեց, որ Կառավարությունն այս պահին չի կարող պատգամավորին պատասխանել, սակայն հարցն անպատասխան չի մնա:

«Մենք գրավոր ձեզ կպատասխանեք, որովհետև այս պահին նման տեղեկատվության չեմ տիրապետում: Ինչ վերաբերում է Անդրանիկին` նախ ասեմ, որ ահռելի ծավալի է հասնում կալանավորների թիվը, և չենք կարող բոլորի տվյալներին տիրապետել, սակայն ուզում եմ ասել, որ Սևանում և ոչ միայն, կալանավորների պատիժը չի մեղմվում նրանց դրսևորած վարքի համար: Պատիժը մեղմելու համար, անկախ նրանից, թե ինչ հոդվածով է դատապարտված, պետք է լավ վարքագիծ ունենա, ինչը շատ կարևոր է պատիժը մեղմելու համար»,- հավելեց նախարարը:

Զարուհի Փոստանջյանն արձագանքելով` հայտարարեց, որ օրենքով սահմանաված կարգով ներկայացրել է տվյալները, ինչ վերաբերում է կալանավորների պատիժը մեղմելուն, ապա պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ բարեփոխումները ե՞րբ են իրագործվելու: «Այս տարի կլինի՞, թե ոչ»,- արձագանքեց պատգամավորը, ինչին ի պատասխան նախարարը շարունակեց.

«Տիկին Փոստանջյան, իմ ունեցած տեղեկություններով, դուք այս հարցը բարձրացնում եք ուղղակիորեն, որպեսզի դիմեք Կառավարությանը: Ինչ վերաբերում է կոնկրետ դատապարտյալներին` ես այդ հարցը կուսումնասիրեմ: Ուզում եմ ասել, որ դատապարտյաների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա ասեմ, որ մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի բոլոր խնդիրներն արագ լուծվեն»,- ասաց նախարարը: 

Հովհ. Մանուկյան. Դատապարտյաների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է